
Երեկ Երևանում տեղացած անձրևի հետևանքով ստեղծված իրավիճակը քաղաքապետարանի մեղքով չի եղել: Կարծիքը քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանինն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա պարզաբանեց.
«Մայրաքաղաքի ջրահեռացման համակարգը նորմալ գործում է: Խնդիրն այն է, որ երեկ Երևանում տեղացել է 1 ամսվա նորմայի չափով անձրև և բնական է, որ այդ առատության տեղումները կարող էին խնդիրներ առաջացնել»:
Տեղեկությունը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայպետհիդրոմետի աշխատակիցը:
Ա.Գևորգյանը նաև ավելացրեց, որ ոչ միայն Երևանի, այլև ամերիկյան, եվրոպական մայրաքաղաքների ջրահեռացման համակարգերը չէին կարող դիմանալ տեղումների նման քանակին: «Եվ դեռ ի տարբերություն այդ քաղաքների, որտեղ նման դեպքերում նույնիսկ արտակարգ իրավիճակ է հայտարարվում, մեզ մոտ բանը դրան չհասավ, որովհետև բոլոր կառույցները կազմ-պատրաստ են եղել, ձեռնարկել են բոլոր անհրաժշետ միջոցները», - ասաց Ա.Գևորգյանը:
Փաստ է, սակայն, որ մայրաքաղաքի որոշ փողոցներ նույն իրավիճակում են հայտնվում նույնիսկ պակաս հորդառատ անձրևի դեպքում: