
ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենք հեղափոխություն են անելու առանց փողոց դուրս գալու, արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Դա արդեն հանրահայտ փաստ է, այսօր փողոց են դուրս գալիս մարդիկ, քանի որ պատկան մարմինները խնդիրներին լուծում չեն տալիս: Այս պահին փակված է Արմավիր-Երևան ճանապարհը: Կարկտահարությունից տուժած գյուղացիները պահանջում են գումարային փոխհատուցում: Երկու օր առաջ փակեցին Սևան-Երևան ճանապարհը, ոստիկանության և Պաշտպանության նախարարության աշատակիցները փակել էին ճանապարհը, երբ ծնողները զինվորի դին Երևան էին բերում:
Կառավարության շենքի մուտքերը ևս փակվել են: Քաղաքացիները Ձեզանից հաշվետվություն են ցանկանում լսել, ինչո՞ւ են փակվում ճանապարհները: Այսօր քաղաքացիները փողոցում են փնտրում լուծումները, իսկ Դուք, ըստ էության, չեք կարողանում հարցերին լուծում տալ: Կարծում եմ, Դուք անկեղծ չեք: Անցած հինգ տարիները ձախողված տարիներ էին, Դուք ոչ մի խնդրին լուծում չեք տվել: Ժողովրդի լեզվով ասած՝ կառավարությունը խաբող է, գցող է: Չեմ ցանկանում վիրավորվել, բայց այդպես է: Ինչո՞ւ եք խաբում»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք երբևէ չեն խաբել, իսկ անկեղծության դրսևորումը չափազանց կարևոր է. «Ձեր անկեղծության դրսևորումները ուղղակի վիրավորելուն են ուղղված, դրանք թույլ չեն տալիս գնալ երկխոսության»: Վարչապետ Տիգրան Սարգասյանը նկատեց, որ իրենք կարկատահարութունից տուժած քաղաքացիների հարցով զբաղվում են, վերջին խորհրդակցության արդյունքում տրվել են հստակ հանձնարարականներ, ստեղծել են աշխատանքային խմբեր, արձանագրում են համայնքներում կրած վնասների չափերը:
«Չի լինելու փոխհատուցում, լինելու է օգնություն: Աշխարհի զարգացած երկրները նույնիսկ չեն կարող փոխհատուցել, մեր պետությունն իր հնարավորությունների սահմաններում անպայման օգնելու է գյուղացիներին: Իսկ փոխվարչապետն այս պահին էլ գտնվում է Արմավիրի մարզում՝ քննարկելու գյուղացիների բարձրացրած խնդիրները»,- ասաց Կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը նկատեց, որ ամբողջական պատկերից հետո կիմանան ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել: Աշխատանքներն այսօր կատարվում են, իսկ արդյունքների մասին կզեկուցեն:
Պատասխանելով Զարուհի Փոստանջյանի մյուս հարցին՝ փողոցներում պայքար տանելու վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը նշեց. «Դուք ունեք քաղաքական պայքարի այն ձևը, որով փորձում եք հրահրել քաղաքացիներին փողոց դուրս գալ և դժգոհության ձայն բարձրացնել: Դուք փորձում էիք մարդկանց բերել Կառավարության շենքի դիմաց, ես անձամբ շենքում էի, խնդրեցի, որ պատվիրակություն կազմվի, որին ես կընդունեմ:
Հավաքված մարդիկ նման աշխատանք չէին ուզում, նրանք ցանկանում էին կազմակերպել քաղաքական ակցիա: Հավաքվել և սպասում էին, որ զինվորի դին բերեն: Իսկ ոստիկանությունը գործել է օրենքի համապատասխան և ամեն ինչ արել է, որ երևույթներ չլինեն, որոնք քաղաքացիների համար վտանգավոր կարող են լինել»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Զարուհի Փոստանջյանը ևս մեկ հարց ուղղեց վարչապետին. նա նշեց, որ հանրությունը տեղեկացավ, որ ԶՈՒ որոշ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Ըստ պատգամավորի՝ պատասխանատվություն է կրում նաև դատախազը:
«Ինչո՞ւ միջոցներ չեք ձեռնարկում, որ այդ խարդախ դատախազը հրաժարական տա, նա ևս պետք է պատասխանատվություն կրի: Դուք ասացիք, որ նվազել են բանակում սպանության դեպքերը, բայց մենք ամեն օր ստանում ենք մահացությունների մասին լուրեր»,- ասաց պատգամավորը:
«Դուք ամեն օր ստանում եք տարբեր պատահարների վերաբերյալ տեղեկություններ, դա մեր թափանցիկ աշխատանքի արդյունքն է, որ դուք ծանոթանում եք այդ լուրերին, դրանով է պայմանավորված այն ընկալումները, որ հիմա ձևավորում են: Չեմ կիսում ձեր գնահատականները մեր դատախազների մասին, պետք է զգույշ լինենք այդպիսի գնահատականներ տալուց»,- պատասխանեց վարչապետը: