
Այսօր տեղի ունեցավ աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող համադպրոցական այս համաժողովի ընթացքում քննարկվեցին ավագ դպրոցների ինքնավարության մարմինների հիմնախնդիրները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով համաժողովի մեկնարկը, նշեց, որ հիմնադրամը հետևողականորեն համագործակցելու է աշակերտական ինքնավարության մարմինների ներկայացուցիչների հետ։
Աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովին ներկա էին 22 ավագ դպրոցի աշակերտական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների անդամներ։ Համաժողովի ընթացքում աշակերտները հանդես եկան իրենց ինքնավարության մարմինները ներկայացնող զեկույցներով, բարձրացրին առկա խնդիրները, իսկ միջոցառման ավարտին համատեղ քննարկման արդյունքում նախանշվեցին վերջիններիս լուծման հետագա ուղիները: