21 մայիսի 2013 - 18:16 AMT
Տրանսպորտի և կապի նախարարը հանդիպել է «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ղեկավարին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 21-ին հանդիպեց «Սաֆեժ-Էպտիսայ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ Եվրոպայի և Աֆրիկայի վարչության գործառնությունների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ջայն Նիելսոնի գլխավորությամբ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Ֆրանսիական «Սաֆեժ» ընկերությունն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունը:

Հանդիպման ընթացքում Նիկոլաս Ջայն Նիելսոնը նշեց, որ իր առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ և հետևել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ընթացքին, կատարվող շինարարարական աշխատանքներին, դրանց որակին և առաջացած տեխնիկական խնդիրներին:

Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ նախարարության առաջնահերթություններից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է:

«Ճանապարհաշինական այս ծրագիրը խոշորագույններից մեկն է մեր անկախ Հանրապետության պատմության մեջ: Ծրագրի նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, ուստի որևէ այլ խոչընդոտ չի կարող պատճառ դառնալ սահմանված ժամկետներում որակյալ աշխատանքներ ապահովելու համար»,-կարևորեց նախարարը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ունեցող հարցեր: