22 մայիսի 2013 - 13:46 AMT
Ավստրիայի օժանդակությունը Հայաստանին կշարունակվի զարգացման քաղաքականության բնագավառում

Վիեննայում տեղակայված Ներքին Ավստրիա երկրամասի ներկայացուցչությունում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիական ֆինանսավորմամբ կառուցված և 1992 թվականից գործող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի (ԱՄՀ) ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության, Ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միության խորհրդի և Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրինության միջև դեռևս 2009թ. ապրիլի 4-ին ստորագրված հուշագրի՝ ԱՄՀ-ում տեղի ունեցած վերապրոֆիլավորման արդյունքում հիվանդանոցում սկսել է գործել ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունք, Գյումրու ծննդատունը տեղափոխվել է ԱՄՀ, հաստատությունն էլ վերանվանվել է Մոր և մանկան հիվանդանոց:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառմանը հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեությանը նվիրված ամփոփիչ ելույթներով հանդես եկան ԱՄՀ-ին օժանդակող միության նախագահ դոկտոր Քրիստոֆ Լեխները, նրա տեղակալ, միության պատվավոր գործադիր տնօրեն, հիվանդանոցի հիմնադրումից ի վեր և մինչև 2012 թվականը աշխատանքների համակարգող Հանս Դյոլլերը, հիվանդանոցի նախագծող և կառուցապատման աշխատանքների համակարգող պրոֆեսոր Գյունտեր Պետերը, ավստրիական Կարիտասի ներկայացուցիչը և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի անդամ Ռուդոլֆ Մաղաքյանը, Գյումրու Մոր և մանկան հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Հանդիսավոր միջոցառմանը ելույթներ ունեցան նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը և Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտը: Դեսպան Կիրակոսյանը նախ շնորհակալություն հայտնեց այն բոլոր անհատներին և ավստրիական կազմակերպություններին, որոնք ավելի քան 2 տասնամյակ իրենց շարունակական նպաստն են բերել հիվանդանոցի կենսագործունեության անխաթար ապահովմանը և, մասնավորապես, նշեց, որ ԱՄՀ-ի գործունեությունը Հայաստան-Ավստրիա համագործակցության լավագույն օրինակ է հանդիսանում և վերածվել է երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության յուրօրինակ խորհրդանիշի: Դեսպանը նաև համոզմունք հայտնեց, որ 2013 թ. Երևանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնմամբ, ավստրիական օժանդակությունը կունենա իր հետևողական շարունակությունը՝ արդեն զարգացման քաղաքականության բնագավառում հայ-ավստրիական համագործակցության համատեքստում: