
Երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի Անդրազգային սպառնալիքների վարչության պատվիրակությունը: Այցի նպատակն էր քննարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին (ՔԱՄԿ ԲԲՇ) Հայաստանի Հանրապետության մասնակից դառնալու հնարավորության հարցը: Նույն օրը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Անդրազգային սպառնալիքների վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի հակաահաբեկչական գործունեության պատասխանատու Պոլ Պիկարին:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակի նորաստեղծ Անդրազգային սպառնալիքների վարչության գործունեությունը՝ ուղղված ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցավորության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հակազդմանը: Մասնավորապես, ներկայացվեց ԵԱՀԿ առաջարկությունը ճամփորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման նպատակով մասնակից պետություններին դիտարկել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Բաց բանալիների շտեմարանին մասնակից դառնալու գաղափարը, ինչը կնպաստի սահմանային վերահսկողությանը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի իրագործմանը:
Այցի շրջանակներում ընթանում է սեմինար ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: