
Հայաստանում մեկնարկում է «Զբաղվածություն պրակտիկայի և վերապատրաստման միջոցով» նախագիծը: «Քի Սոլուշնզ» ընկերության կողմից առաջարկված այս ծրագրի շրջանակներում Երևանի բուհերի ուսանողները հնարավորություն կստանան անցնել երկամսյա պրակտիկա և վերապատրաստման դասընթացային ծրագիր EDMC-ի կողմից թիրախային համարվող ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում և դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ:
Հարցազրույցի արդյունքում կընտրվի 20 ուսանող: Պրակտիկայի բարեհաջող ընթացքն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ուսանողի կցվելու է համապատասխան կազմակերպությունում աշխատող մենթոր, ով հետևելու է վերջինիս մասնագիտական աճին ու զարգացմանը: Նախագիծն աննախադեպ է, քանի որ ուսանողներին հնարավորություն է ընձեռում համապատասխան դասընթացների և պրակտիկայի կազմակերպման միջոցով աշխատանքի անցնել վերոհիշյալ ոլորտներում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում: