
Սկսել են հրապարակվել 500 բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները հայտարարգրերի ձևով: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ ընդգծելով, որ այս հարցում հեղափոխական մոտեցում է տեղի ունեցել, քանի որ բոլորը կարող են տեսնել, օրինակ, իր եկամուտները, ծախսերը:
«Հրապարակայնությունը հնարավորություն է տալիս վերահսկել պաշտոնատար անձանց»,- ասաց վարչապետը և նշեց, որ կամաց-կամաց բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Նա տեղեկացրեց, որ իրենք ստեղծում են մեխանիզմներ, որպեսզի վերահսկվեն բոլորը:
Ինչ վերաբերում է վարչապետի եկամուտներին, նա վստահեցրեց, որ իր եկամուտները կտրուկ չեն աճել. «Աճել են այնքան, որքան բանկային տոկոսադրույքներն ավանդներով եկամուտ են տվել»:
Դիտարկմանը, թե տարբեր երկրներում, երբ սոցիալական վիճակը ծանր է, երկրի ղեկավարությունն օրինակ շրջում է ոտքով, հեծանիվով, վարչապետն արձագանքեց, որ համաշխարհային փորձը տարբեր է. «Ոմանք շրջում են ոտքով, ոմանք ուղղաթիռներով, ոմանք էլ այլ տրանսպորտային միջոց են ընտրում: Թույլ տվեք, որ ես ինքս ընտրեմ իմ փոխադրվելու միջոցը»: