23 մայիսի 2013 - 16:42 AMT
Կալանավորը դիմել է ՄԻՊ. Քննչական բաժնի պետին հայտարարվել է նկատողություն

Վերջերս Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի: կալանավոր Դավիթ Մուրադյանը` խնդրելով նրա միջնորդությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին նրան մեղադրանք է առաջադրվել աշխատանքի ընթացքում 143 միլոն և ավելի դրամ յուրացնելու համար: Արդյունքում նրան ձերբակալել են, իսկ այնուհետև խափանման միջոց ընտրել կալանավորումը: Այս ընթացքում գործը գտնվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի տարբեր քննիչների վարույթում, ովքեր թույլ են տվել չարաշահումներ. անհարկի ձգձգել են քննության ժամկետները և միայն 2013 թ. ապրիլի 23-ին են քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկում դատարան: Պաշտպանի միջամտության արդյունքում ՀՀ Ոստիկանության պետի հանձնարարականով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը կատարել է ծառայողական քննություն: Դրա ընթացքում պարզվել է, որ առաջին երեք քննիչները նախաքննությունն իրականացրել են թերի, բացթողումներով և ժամկետների անհարկի ձգձգումներով: Սակայն, նկատի ունենալով, որ վերջիններս անձնական նախաձեռնությամբ ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, ուստի ծառայողական քննության արդյունքները նրանց մասով թողնվել են անհետևանք:

Նույն բաժնի ավագ քննիչը ևս քրեական վարույթն ընդունելուց հետո շուրջ մեկ ամիս ձգձգել է նախաքննության ժամկետները: Սակայն նկատի ունենալով, որ դրանից հետո քննիչը վերացրել է քրեական գործում առկա թերությունները և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Արաբկիր և Քանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան, ծառայողական քննության արդյունքները նրա մասով ևս թողնվել է անհետևանք:

ՀՀ ոստիկանության պետի հրամանով նույն քննչական բաժնի պետին հայտարարվել է նկատողություն վերահշյալ և այլ քրեական գործերով բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու և քննչական գործողությունները ժամանակին կատարելու նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու համար:

Հ. Գ Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է: