23 մայիսի 2013 - 18:23 AMT
Քաղաքացի. Մարդիկ 100 դրամանոց կանաչին պարտքով են առնում, ի՞նչ խղճով են բարձրացնում գազի սակագինը

ԱԺ շենքի դիմաց շարունակվում է գազի սակագնի դեմ բողոքող քաղաքացիների կազմակերպած ակցիան: 66-ամյա Դեմա Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ոչ կառավարությունից, ոչ էլ Ազգային ժողովից և առավել ևս սպասվող նիստից որևէ ակնկալիք չունի և ակցիային եկել է որպես բողոքի նշան այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանում:

«Ես ինչպե՞ս եմ ապրելու 35 000 դրամ թոշակով, եթե այժմ էլ այս գումարը որևէ բանի պիտանի չէ, ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե գազն ու լույսն էլ թանկանան»,- ասաց նա:

Ինչպես նախորդ ակցիային, այս անգամ ևս ներկա էր Հարություն Քիշմիրյանը, որը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ եթե իշխանությունները գոնե մի կաթիլ հայրենսիրություն ունեն, ապա գազի սակագինը չի փոխվի. «Մեք առանց այդ էլ մեծ գումար ենք վճարում, էս ժողովուրդը թափառական կդառնա: Եթե այսօր մարդիկ 100 դրամանոց կանաչին պարտքով են առնում, ի՞նչ խղճով է կառավարությունը բարձրացնում գազի սակագինը»: