24 մայիսի 2013 - 14:13 AMT
Լևոն Զուրաբյան. Այժմ գողանում են, սակայն հաճույք չեն ստանում, մենք նրանց զրկել ենք այդ հնարավորությունից

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ Ազգային ժողովում լուրջ փոփոխություններ են եղել: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ նա նկատեց, որ խորհրդարանում ձևավորվել է համախմբված ընդդիմություն, և դրա վկայությունը այս քառօրյայում երեք քվեարկություններն են` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման օրինագծի, Ընտրական օրենսգրքի փոփոխության և կառավարության ծրագրի վավերացման:

«ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը« փայլուն աշխատանք իրականացրեցին` իշխանություններին դնելով նեղ դրության մեջ և ցույց տալով, որ իշխանությունները ձախողվել են: Եվ դա դրսևորվեց իշխանության կողմից ընդդիմության հասցեին վիրավորական հայտարարությունների տեղատարափով»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա նկատեց, որ այժմ ընդդիմությունը համախմբված է այնպես, ինչպես երբեք:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ խորհրդարանը վերջապես դարձել է խորհրդարան. «Անգամ կեղծ մեծամասնության առկայությամբ պառլամենտում հնչում է սուր քննադատություն: Ընդդիմությունը իշխանությանը վատ վիճակում է դնում իր այս աշխատանքի շնորհիվ: Նրանք այս տարիներին սովորել էին, որ կարող էին հափշտակել, գողանալ, կեղեքել այս ժողովրդին, բայց խորհրդարանում ներկայանալ որպես սոլիդ, հարգված, պետական մտածողությամբ պաշտոնյաներ: Մենք նրանց զրկեցինք այդ վարքագծից»:

Լևոն Զուրաբյանը նկատեց, որ իշխանությունները երկար ժամանակ գողանում էին և հաճույք էին ստանում, իսկ այժմ գողանում են, սակայն հաճույք չեն ստանում: «Մենք նրանց զրկել ենք այդ հնարավորությունից, դրա համար էլ նրանք ԱԺ-ում գնում են կոպիտ խախտումների: Դա նշանակում է, որ նրանք մեզ հետ փաստարկներով չեն կարող խոսել»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Ավելացնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս այսօր գոհունակությամբ արձանագրեց, որ ընդդիմությունը համախմբված է աշխատել այս քառօրյայում: Նա նկատեց, որ կարևոր է, որպեսզի իրենք կարողանան գտնել քաղաքական շեշտադրումներ, որոնց շուրջ կհամախմբվեն և կգործեն միասին: