24 մայիսի 2013 - 17:35 AMT
Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ջերմուկում սեյսմիկ պաշտպանության ուղղությամբ նոր ծրագիր է իրականացվելու

Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ուղղությունները։

ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք շատ են կարևորում աղետներին պատրաստվածության խնդիրները` մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելով սեյսմիկ անվտանգության հետ կապված հարցերին։

Փոխնախարարի խոսքով, դեռևս անցյալ տարի կայացած հանդիպումից հետո ԱԻՆ ՍՊԾ գործակալությունը 2 ծրագիր էր մշակել. մեկը դպրոցներում երկրաշարժի դեպքում վարքականոնների վերաբերյալ ուսուցում անցկացնելու, մյուսը` Երևանի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելությունը գնահատելու մասին: ՍՊԾ գործակալության պետ ՀրաչյաՊետրոսյանը հավելել է, որ ծրագրերը փորձաքննություն են անցել և հաստատվել կառավարության կողմից։

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, ընդգծելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառին և տեղեկացնելով, որ բանկն արդեն տեխնիկական աջակցության ծրագիր է իրականացնում ՀՀ 4 քաղաքում (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ), առաջարկել է այդ ծրագրերի իրականացումը սկսել հենց այդ քաղաքներից, իսկ հաջողության դեպքում հետագայում տարածել նաև մյուս մարզերի վրա։ Ըստ այդմ` նախատեսվում է նշված քաղաքներում իրականացնել դպրոցների, հիվանդանոցների և պետական կառավարման մարմինների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում։

Դոուլն առաջարկել է նման պիլոտային ծրագիր իրականացնել նաև մայրաքաղաքի դպրոցներից մեկում, որից հետո անհրաժեշտության դեպքում իրականացնել շենքի ամրացում և կազմակերպել աշակերտների ու անձնակազմի ուսուցում։ Արդյունքների վրա հիմնվելով` հնարավոր կլինի մշակել ավելի լայնածավալ նախագիծ։ Այս առաջարկները ներկայացվել են ԱԶԲ ղեկավարությանը և ստացել նախնական համաձայնություն։

ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը հավաստել է, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է համագործակցության և հնարավորինս կաջակցի ծրագրերի արդյունավետ իրականացմանը։