24 մայիսի 2013 - 17:47 AMT
Գյուղնախարար. Կարկտահարությունից տուժածներին հարյուր տոկոս փոխհատուցում չի լինի

Մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին հարյուր տոկոս փոխհատուցում չի լինի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով, դա հնարավոր չէ:Այսօր խորհրդարանում լսումների ժամանակ գյուղնախարարը հայտնեց, որ կարկտահարությունից տուժել է 46 համայնք՝ 16,1 հազ. հա գյուղատնտեսական հողատարածքներ: Ընդհանուր վնասը գնահատվել է 20-25 մլրդ դրամ կամ մոտ 50 մլն դոլար:

Սերգո Կարապետյանը հայտնեց, որ կառավարությունը կփոխհատուցի 22 համայնքներում հողի հարկը 100%-ով, իսկ 24 համայնքներում՝ մասնակի, ինչի արժեքը կկազմի 173 մլն դրամ:

«100%-ով վնասված խաղողի այգիները դեռ երկու տարի բերք չեն տա, մեկ-երկու տարի է անհրաժեշտ, որ պտղատու այգիները վերականգնվեն: Պտղատու այգիներին չենք կարող սերմեր տալ, դիզելային վառելիք տրամադրելու առումով էլ, պահանջից ելնելով, կաշխատենք բավարարել»,- ասաց գյուղնախարարը:

Նա նաև նշեց, որ վարչապետը հանձնարարականով օգնություն տրամադրելու գործընթացի վերահսկողությունը կիրականացնեն գյուղացիները: Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ապահովագրական համակարգ ստեղծելու համար արդեն քայլեր են արվում: