25 մայիսի 2013 - 11:06 AMT
Արամ Սիմոնյանը՝ վարձավճարների թանկացման մասին․ Ես էլ չէի ցանկանա, բայց այլ հնար չկա

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է բուհի ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին՝ ուսումնական գործընթացի, գալիք ուսումնական տարում սպասվող վարձերի բարձրացման, գրադարանային ֆոնդի թվայնացման, մագիստրատուրայի պահուստային տեղերի խնդիրների մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Ա․ Սիմոնյանը նշել է, որ ներկայումս պետական քննությունները համալսարանում արդեն բաց են բոլորի համար: Դա արված է մեկ նպատակով՝ գործատուն կարող է գալ, լսել այս կամ այն ուսանողի պատասխանը, հավանել ու աշխատանք առաջարկել նրան. «Կարելի է բավական լավ արդյունք ստանալ. այս դեպքում թե՛ գործատուն կգտնի իր համար ցանկալի կադրեր, թե՛ ուսանողները կկարողանան բուհն ավարտելուն պես մասնագիտական աշխատանք գտնել»:

Խոսելով վարձավճարների թանկացման մասին` Արամ Սիմոնյանը նշել է, որ հարկավոր է իմանալ` դա վերաբերելու է միայն նոր ընդունվող ուսանողներին: Ռեկտորի խոսքերով` ինքն անձամբ չէր ցանկանա, որ ուսումնական վարձերի գները բարձրանային, սակայն այլ հնար չկար. «Այսքան տարի կարողացել ենք զսպել անխուսափելի թանկացումը, սակայն այլևս հնարավոր չէր: Պետական ֆինանսավորումն այլևս չի բավարարում»:

Ուսանողներից մեկն առաջարկել է բուհի քննական կարգում փոփոխություններ կատարել. միջանկյալ ստուգումների և քննությունների փոխարեն քննության օրն ուսանողը ստանա իր հարցատոմսը և որոշակի ժամանակ՝ դրան պատրաստվելու համար, այսինքն՝ քննություններն անցկացվեն, այսպես կոչված, Open-Book տարբերակով, ինչի դեպքում արտագրություններ չեն լինի

ԵՊՀ ռեկտորը պատասխանել է, որ ինքը միանշանակ կողմ է դրական փոփոխություններին, ուղղակի վստահ չէ, թե ինչպես այդ նախագծին կարձագանքեն դասախոսները. «Եվրոպական համալսարաններում դա շատ ընդունված պրակտիկա է, սակայն դժվար է գուշակել, թե ինչպես նախագծին կվերաբերվեն դասախոսները: Ամեն դեպքում հարցը կարելի է լուծել թեկուզ պիլոտային ծրագրի տարբերակով»:

Շուրջ երկուսուկես ժամ տևած հանդիպման ավարտին Արամ Սիմոնյանը հավելեց, որ ինքը պատրաստակամ է մշտապես հանդիպել ուսանողների հետ, խոսել վերջիններիս հուզող խնդիրներից ու գտնել դրանց լուծումները: «Այսօրինակ հանդիպումների անցկացումը կարող է ավելի արդյունավետ դարձնել բուհի գործունեությունը, այնպես որ՝ ես կսպասեմ, թե երբ կցանկանաք հանդիպել ինձ հետ ու քննարկել այն հարցերը, որոնք ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ քննարկել այսօր»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը: