
ԵՃՇՊՀ քաղաքաշինության ամբիոնն անվանակոչվել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Արծվին Գրիգորյանի անունով: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԵՃՇՊՀ մամուլի ծառայությունից։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, պրոռեկտոր Յուրի Սաֆարյանը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Միջազգային ճարտարապետության ակադեմիայի պրոֆեսոր Գարրի Ռաշիդյանը, ԵՃՇՊՀ ճարտարապետության դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բարսեղյանը, քաղաքաշինության ամբիոնի վարիչ Սիրեկան Օհանյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը և ճարտարապետության ոլորտում ճանաչված այլ անձինք:
Ներկա էր նաև վաստակաշատ ճարտարապետի դուստր, դիզայներ Արևիկ Գրիգորյանը: Նա շնորհակալությունն է հայտնել ԵՃՇՊՀ ռեկտորին, համալսարանի աշխատակազմին և ուսանողներին իր հոր հիշատակը հավերժացնելու համար:
Վաստակաշատ ճարտարապետներին, գիտնականներին հարգանքի տուրք մատուցելու և նրանց անուններն ու գործերը հավերժացնելու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի որդեգրած քաղաքականությունն ավանդույթ է դարձել:
Ներկաները բարձր են գնահատել Արծվին Գրիգորյանի դերը Հայաստանի ճարտարապետության զարգացման գործում, ընդգծել նրա մեծ վաստակը գալիք սերնդի կրթության առումով` առանձնացնելով նրա մարդկային բարձր հատկանիշներն ու իրեն բնորոշ հումորը:
Մեծ է նշանավոր գիտնական քաղաքաշինարարի ու նկարչի ներդրումը հայրենի ճարտարապետության մեջ: Նրան են պատկանում Երևանի լանդշաֆտային կազմակերպման և կանաչապատման ուրվագիծը, 1972թ. քաղաքի գլխավոր հատակագծի աշխատանքների մի մասը, 1960-1962թթ. և 1965թ. Հրազդանի կիրճի գլխավոր հատակագիծը և Երևանյան լճի լանդշաֆտային ճարտարապետությունը, 1968թ. Մոսկվայում ժողովրդական տնտեսության ցուցանմուշների ցուցահանդեսում Հայաստանի պուրակը և այլն:
Նա «Հայաստանի ժամանակակից ճարտարապետություն», «Ժամանակակից քաղաքի լանդշաֆտը» գրքերի հեղինակն է, ինչպես նաև` «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» գրքի համահեղինակ (ճարտարապետ Մ. Թովմասյանի հետ միասին):