
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Շամիրամ համայնք, որտեղ գյուղապետի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին համայնքի ընթացիկ խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, անասնաբուծության զարգացմանը, համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը կանգ առավ նաև Օշականում, այցելեց համայնքի երաժշտական դպրոց, որի հիմնանորոգումն ավարտվել է օրերս` Հայ օգնության ֆոնդի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում: Դպրոցի հիմնանորգման ծրագիրը ֆինանսավորել է ամերիկահայ բարերար Նատիա Փոլատյանը: Փոխվարչապետը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին: Նշելով, որ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման միջոցով որակյալ ծառայությունների մատուցման հասնելը կառավարության առաջնահերթ խնդիրներից է` նա գոհունակություն հայտնեց, որ տարբեր կազմակերպություններ և անհատներ նույնպես աջակցում են այդ նպատակին: Դպրոցն արդեն վերաբացվել է, և 65 սաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ ու բարեկարգ պայմաններում:
Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվեց մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը: Խորհրդակցությանը մասնակացում էին մարզպետը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք: Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը` այլ հիմունքներով: Նշվեց, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվեցին համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաև նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:
Խորհրդակցությանը Կարբի և Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով համայնքների գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաև Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: