Ա. Խաչատրյանի անվան փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն հայտնի հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից

Ա. Խաչատրյանի անվան փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն հայտնի հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից

PanARMENIAN.Net - 2013 թվականին երաժշտական աշխարհը նշում է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Նախատեսվում է բազմաթիվ միջոցառումների անցկացում ինչպես Հայաստանում, այնպես էլ` մեր երկրի սահմաններից դուրս, միջոցառումներ, որոնք կմիավորվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում:

Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին՝ մեծ երաժշտի ծննդյան օրը։ Նույն օրը Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:

Երևան կժամանեն թավջութակահարներ և երաժշտական աշխարհի հեղինակավոր հյուրեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Հեղինակավոր երաժշտական այս կառույցին անդամակցումը նոր հեռանկարներ է բացում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի համար և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---