8 հունիսի 2013 - 14:48 AMT
Տարոն Մարգարյան. Տրանսպորտի թանկացման հարցը դեռ չի քննարկվում, բայց հաշվարկները կատարվում են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե գազի սակագնի բարձրացման հետ կապված կթանկանա արդյոք տրանսպորտի գինն ասաց, որ մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են:

«Տնտեսագետների ուսումնասիրություններից հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք: Դեռ չի քննարկվում տրանսպորտի թանկացման հարցը, բայց հաշվարկները կատարվում են: Դրանք պետք է կատարեն, որպեսզի հասկանանք, թանկանալու է թե ոչ»,- նշեց Մարգարյանը:

Ավելի վաղ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ գազի սակագնի բարձրացման հետևանքով 5 տոկոսով կբարձրանա նաև հասարակական տրանսպորտի սակագինը: Ըստ նոր որոշման, քաղաքացիները 1 խմ դիմաց կվճարեն 156 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: