18 հունիսի 2013 - 12:25 AMT
Սերժ Թանկյան. Թուրքիան սթափվելու կարիք ունի

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանըֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին: «Այսօրվա Թուրքիան բևեռացված հասարակության տխուր իրականություն է, որն աջակցություն է ստանում Արևմուտքից՝ որպես արևելյան «ժողովրդավարության» մոդել` լրատվամիջոցների ուժեղ վերասկողությամբ և բանտերում ամենամեծ թվով լրագրողներով։ Թուրքիան սթափվելու կարիք ունի, և հուսով ենք, որ դրան կհետևեն հավասարությունը, արդարությունը, պատմական արտացոլումը»,- գրել է Թանկյանը։

Երաժիշտը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին, որով կոչ է արվում վերջ տալ խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող բռնությանը, ապահովել խոսքի ազատության և ազատ հավաքներ իրականացնելու իրավունքները։

Թուրքիայում ցույցերը սկսվել են Ստամբուլի Գեզի այգում ծառահատումների և առևտրի կենտրոն կառուցելու թուրքական իշխանությունների որոշումից հետո, ապա ստացել ընդգծված հակակառավարական բնույթ։