19 հունիսի 2013 - 13:25 AMT
«Սպայկան» ծիրանը մթերում է 400-500 դրամով և արդեն սառնարանային նոր համալիր ունի

1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000 տ արտահանել: Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց.

«Այն շրջաններում, որտեղ կարկուտ չի եղել, բերքը լավորակ է և արտահանման ենթակա»:

Նրա խոսքով, «Սպայական» ծիրանը մթերում է 400-500 դրամով. «Մթերման գնի վրա ազդում են որոշակի գործոններ` որակը, տեղանքը, ծավալը, ժամանակը: Արտահանվող ծիրանի մթերումը սկսվում է հունիսի 15-ին և գինը բարձր է լինում, նույնիսկ մինչև 1200 դրամ: Բայց արտասահմանյան շուկայում մրցունակ է 300-350 դրամով մթերվող ծիրանը, որովհետև մթերումից հետո լրացուցիչ ծախսեր են կատարվում: Երբ մթերման գինը բարձրանում է, ավելանում են նաև լրացուցիչ ռիսկերը»:

Բաղդասարյանը նշեց, որ «Սպայկան» գյուղացիներին վճարումը և նախապես ձեռք բերված այլ պայմանավորվածությունները կկատարի ժամանակին: Իսկ վճարումների, գնի հետ կապված աղմուկը, նրա խոսքով, հիմնականում անհատ մթերողների մեղքով է:

«Նրանք խոստանում են, որ կմթերեն բերքի ամբողջ ծավալը շուկայականից բարձր գնով: Գյուղացիները 50-100 դրամի տարբերության պատճառով նրանց հետ են պայմանավորվածություն ձեռք բերում, բայց մթերման սեզոնի կեսին իրենց ծիրանի հետ մնում են մենակ և նորից մեզ է դիմում»:

Անցած տարի արտահանվել է 13.000 տ ծիրան, հիմնականում դեպի ԱՊՀ երկրներ: Սպայկան գործակցում է մեծածախ շուկայի հետ, բայց Բաղդասարյանը նշեց մանրածախ վաճառքի պայմաններում հայկական ծիրանի գինը` 750-800 դրամ:

Նա նաև նշեց, որ 2 օր առաջ գործարկվել է 1000 տ տարողունակությամբ նոր սառնարանային համալիրը: 12 օրից կգործարկվի նույն տարողունակությամբ ևս մեկը: