
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանին արդեն որերորդ նիստն է չի հաջողվում ապահովել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շենքում բնակարան չստացած Լուսինե Գյուլխասյանի գործով էական վկաների ներկայությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը:
Տարածված հաղորդագրության մեջ նշված է. «Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
Դատական այս գործով այսօրվա նիստում դատարանում պետք է վկայություն տար ինչպես Սևակ Արզարունին, այնպես էլ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանի ներկայիս սեփականատեր Նարինե Հովհաննիսյանը, նրա ամուսին Վոլոդյա Խոջոյանը ու բնակարանը Նարինե Հովհաննիսյանին վաճառած, այս գործով վկա Արմեն Գալստյանի մատնանշած անձ Գայանե Ստեփանյանը, ով նախորդ նիստերին իբրև թե չէր կարողացել ներկայանալ:
Վկաներից միայն Նարինե Հովհաննիսյանն էր ներկայացել դատարան ու այն էլ բավական պատրաստված վիճակում: Իսկ նրա ամուսինը, ով նրա հետ բնակվում է միևնույն հասցեում, ինչպես նաև` նրանց հարևանությամբ ապրող Սևակ Արզարունին դատարանից ծանուցում չէին ստացել: Ավելի կոնկրետ նրանցից առաջինի հասցեն «անհայտ» էր ճանաչվել, իսկ Արզարունու ծանուցման մասին դատարանն ընդհանրապես «տեղեկություն չուներ»: Գործով կարևոր վկա Գայանե Ստեփանյանը հերթական անգամ հարկ չէր համարել դատարան ներկայանալ: Դատավորը միայն տեղեկացրեց, որ Գայանե Ստեփանյանին ուղարկված ծանուցագրի ստորագրությունը չի համընկում նրա ցուցմունքների ներքո առկա ստորագրության հետ»: