
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Հայրիկյանի հագուստի վրա կրակոցից հետո առաջացող անցքերի և նրա վերքի լուսանկարի բացակայությանը:
Դիմելով Պորույր Հայրիկյանին փաստաբանն ընդգծում է. «Պարոն Հայրիկյանը պետք է, որ լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, «մամայի արևների», «շատ տղա լինեմ»-ների վրա, այլ գործի քննության արդյունքում ներկայացված փաստացի ապացույցների: Սիրունյա՞նն է մեղավոր, որ դատական փորձագետը իր եզրակացությունում նշել է, որ չի տեսել վնասվածքը: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գնդակը առանց հագուստը վնասելու է «մտել» Հայրիկյանի մարմնի մեջ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գործին կից կան բազմաթիվ լուսանկարներ և չկա վերքի լուսանկարը: Եվ այլն»:
Փաստաբանը նշել է, որ եթե որևէ անձի վրա մահափորձ է իրականացվում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որ ազատազրկվի իրական կատարողը, ինչում կհամոզվի ներկայացրած փաստերի հիման վրա: «Տվյալ դեպքում, երբ փաստացի ապացույցները բացակայում են և «տուժող» կողմը հալած յուղի տեղ է ընդունում ամեն բան՝ ի տարբերություն Սիրունյանի, չփորձելով պահանջելապացույցներ, ակամայից հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայրիկյանը շահագրգռված է, որ հայտնաբերվեն և պատժվեն իրական հանցագործները: Գուցե դա նրան պետք չէ՞ ...
Եվ վերջում հիշեցնենք պարոն Հայրիկյանին, որ իր արտասահմանյան շրջագայությունը հնարավոր դարձավ նաև Սիրունյան իրավաբանական գրասենյակի վճարած հարկերի շնորհիվ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտարարություն էր տարածել, որում նկատել է, որ նախորդ դատական նիստի ընթացքում զննվել են Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվել է, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաչկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրկյանը ոչ մի կապ չունի Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ:
Ավելացնենք, որ այսօր, ժամը 12:00-ին կկայանա Վարդան Սեդրակյանի գործով հերթական դատական նիստը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու և կազմակերպելու մեջ:
Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Խաչատուր Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել 1941թ. գործարանային արտադրության 7.62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ և այդ ատրճանակից կրակելու համար նախատեսված` 9 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներ, մինչև 2013թ. հունվարի 31-ը դրանք ապօրինի կերպով պահել է տանը:
Սամվել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ընկերոջ` Խաչատուր Պողոսյանի հետ, Վարդան Սեդրակյանից 2013թ. հունվարի սկզբներին ստանալով պատվեր` Պարույր Հայրիկյանի սպանությունն իրագործելու վերաբերյալ, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, տվել են իրենց համաձայնությունը և զենք ձեռք բերելու համար Վարդան Սեդրակյանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար