
Ազգային ժողովն այսօր ընդունեց արտահերթ նստաշրջանում քննարկված մի շարք օրինագծեր: 62 կողմ, 25 դեմ և 4 ձայնով ԱԺ-ն ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ կառավարության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 80 կողմ, 0՝ դեմ և 12 ձեռնպահ ձայներով: Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 78 կողմ, 3 դեմ, 7 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
ԱԺ-ն հաստատեց նաև ՀՀ նախագահի ներկայացրած մի շարք միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ 2013 թվականի մարտի 12-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 81 կողմ, 2 դեմ և 8 ձեռնպահ համամասնությամբ:
2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագիրը՝ 65 կողմ, 10 դեմ, 16 ձեռնպահ:
2013 թվականի մայիսի 29-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը` 84 կողմ, 1 դեմ, 5 ձեռնպահ:
2012 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Ջրային ոլորտի ծրագիր» (Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր) (Հայաստանի Հանրապետություն) ֆինանսական պայմանագիրը և դրան կից 2013 թվականի հունվարի 10-ին ստորագրված փոփոխություն թիվ 1 նամակ-համաձայնագիրը` 83 կողմ, 1 դեմ և 8 ռենպահ:
2013 թվականի փետրվարի 11-ին կնքված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագիրը` 82 կողմ, 2 դեմ, 8 ձեռնպահ:
ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր ավարտվեց: Նշենք, որ այն մեկնարկել էր հունիսի 17-ին: