Սերժ Սարգսյան. Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ

Սերժ Սարգսյան. Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Նախագահ Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ հադես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Մենք նախագահ Կոմորովսկու հետ բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային հարցերի շուրջ: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ վերջին տարիները հայ-լեհական միջպետական հարաբերությունների պատմության մեջ նշանավորվեցին երկկողմ կապերի վերընթաց զարգացմամբ և բարձրաստիճան պաշտոնական` այդ թվում և նախագահական մակարդակով այցերի ու հանդիպումների հաճախակիությամբ։

Անդրադարձանք 2011թ. Լեհաստանի նախագահի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Ուրախ եմ արձանագրել, որ բոլոր քննարկված ուղղություններով մենք տեսնում ենք առաջընթաց, ինչը վկայում է հայ-լեհական համագործակցությունը զարգացնելու մեր փոխադարձ շահագրգռվածության և հանձնառության մասին։

Նախագահ Կոմորովսկու հետ լիովին համակարծիք էինք, որ համագործակցության լավ հիմքեր են դրվել քաղաքական, տնտեսական, մշակութային, ապակենտրոնացված համագործակցության, ռազմատեխնիկական, կրթամշակութային, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում՝ միևնույն ժամանակ դրանց ոլորտային ընդլայնման ներուժն ընդգծելով։ Այսօր ստորագրված փաստաթղթերը դրա վկայությունն են:

Չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը Լեհաստանի տնտեսական առաջընթացի կապակցությամբ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Լեհաստանի արձանագրած տնտեսական աճը, հիրավի, տպավորիչ է և ուսանելի:

Հայաստանի համար էական է առևտրատնտեսական համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը ներկայումս դժվարանում եմ բավարար կոչել: Այս առումով մենք որոշակի հույսեր ենք կապում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի և Հայաստան-Լեհաստան առևտրաարդյունաբերական պալատ-հիմնադրամի գործունեության հետ:

Մենք երկուստեք նշեցինք մշակութային կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին, և պարոն Նախագահն ասաց, որ մենք համաձայնություն ձեռք բերեցինք հաջորդ տարվա մեր միջոցառումների մասով: Քննարկեցինք, իհարկե, նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր: Քննարկեցինք համագործակցության հեռանկարները ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի համահեղինակը և անշեղ իրականացնողը, աջակիցը նաև Լեհաստանն է:

Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---