Ս.Սարգսյան. Մենք երբեք չենք արել քայլ, որն ուղղված կլինի ՌԴ դեմ և չունենք բարդույթ, որ մեզ մղի այդպիսի քայլի

Ս.Սարգսյան. Մենք երբեք չենք արել քայլ, որն ուղղված կլինի ՌԴ դեմ և չունենք բարդույթ, որ մեզ մղի այդպիսի քայլի

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս են վերաբերում ինտեգրացիոն գործընթացներին, ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը որևէ մեկի համար գաղտնիք չէ. «Մենք շատ տարիներ երկար ապրել ենք հարևանությամբ, իսկ մի տևական ժամանակ էլ՝ ընդհանուր պետության մեջ: Եվ դարերի ընթացքում ձևավորվել են բարեկամական լավ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ: Մենք բարեկամ ժողովուրդներ ենք, ունենք ընդհանուր պատմություն և հպարտանում ենք այդ պատմությամբ:

Հայաստանը և Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, մենք Ռուսաստանի հետ ունենք շատ ընդլայնված ռազմատեխնիկական և խորը տնտեսական հարաբերություններ: Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի:

Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Սերժ Սարգսյանին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին միջազգային աջակցության կարևորությանը և հեռանկարին՝ հատկապես այժմ, երբ Հայաստանը, ցածր եկամուտներով պետությունների շարքից տեղափոխվելով միջին եկամուտներով պետությունների շարքը, կորցրել է միջազգային դոնորական հանրության աջակցության զգալի մասը:

Պատասխանելով այդ հարցին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանն օժանդակության կարիք ունի՝ և՛ տեխնիկական, և՛ նյութական, փորձի փոխանակման և այլն ու ակնկալում է այդ օժանդակությունը: Սերժ Սարգսյանը խոսել է մաքսային և հարկային համակարգերում ձեռնարկված լայնամասշտաբ բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման մասին՝ ընդգծելով, որ առանց էական ներդրումների անհնար է իրականացնել այդ բոլոր բարեփոխումները:

Նախագահն անդրադարձել է նաև 2014թ. հունվարի 1-ից մեկնարկելիք լայնամասշտաբ այն ծրագրին, որը ենթադրում է պետական բյուջեից վարձատրվող պաշտոնատար անձանց, ծառայողների և ընդհանրապես բոլոր վարձատրվողների համար մրցունակ աշխատավարձերի ապահովում: Ընդգծելով, որ վերոնշյալ բարեփոխումների իրագործման հիմնական ծանրությունը, բնականաբար, պետք է լինի Հայաստանի իշխանությունների վրա, Սերժ Սարգսյանը միաժամանակ կարևորել է ներդրումները և օժանդակությունն այդ գործընթացին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---