Ստեփանակերտը կմասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի մանրամասների քննարկմանը

PanARMENIAN.Net - «Մենք ամբողջությամբ ծանոթ ենք ԼՂՀ նախագահ պարոն Ղուկասյանի ասածներին, եւ կարծում ենք, որ հայկական մամուլի խորագրերն այնքան էլ ճիշտ չեն մատուցում նրա ասածների էությունը, ինչ վերաբերում է բանակցություններից Հայաստանի դուրս գալու հրամայականին»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, որ բանակցային գործընթացին ԼՂՀ միանալու միայն մեկ ձեւ կա` Հայաստանը պետք է հրաժարվի բանակցել Ադրբեջանի հետ: «Կար ժամանակ, երբ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Հայաստանի համար ընդունելի կլիներ այն, ինչ կպայնավորվեին Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Սակայն այդ օրերին մենք ստանում էինք այնպիսի առաջարկներ, որոնք բացարձակապես անընդունելի էին հայկական կողմի համար: Ակնհայտ է նաեւ, որ այլ պետություններ այլ կերպ են մոտենում ճանաչված պետությանը, քան չճանաչվածին»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, այն օրվանից, երբ Հայաստանն առավել ակտիվ է ներգրավված բանակցություններում, սեղանի վրա հայտնվում են այնպիսի առաջարկներ, որոնց սկզբունքները կարելի է քննարկել: «Համենայն դեպս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ընդհանուր պայմանավորվածություն կա , եւ դա նույնիսկ Ադրբեջանն է ընդունում, սկզբունքների ճշտումից հետո Լեռնային Ղարաբաղը որպես կողմ իր մասնակցությունն է ունենալու համաձայնության մանրամասների շուրջ ընթանալիք քննարկումներին»,- ավելացրել է Վարդան Օսկանյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---