Օբյեկտիվ. Մամ, արի քեզ գրպանս դնեմ ու հետս տանեմ ՍՕՍ. Արմենն ու մայրը երազում են միասին ապրել (վիդեո)

Օբյեկտիվ. Մամ, արի քեզ գրպանս դնեմ ու հետս տանեմ ՍՕՍ. Արմենն ու մայրը երազում են միասին ապրել

PanARMENIAN.Net - «Մամ, արի քեզ գրպանս դնեմ ու հետս տանեմ ՍՕՍ: Արի կուլ տամ քեզ, որ միշտ հետս լինես…»: Արմենն իր ապրած 10 տարիներից 4-ն անցկացրել է ՍՕՍ մանկական գյուղում: Սկզբում քրոջ` Մարիամի հետ էր, հետո քույրը տեղափոխվեց երիտասարդական ավան և ինքը մնաց մենակ: Արմենն ու մայրը հաճախ են հանդիպում, լինում է, որ մի քանի օրով գալիս է մոր մոտ` Երևան: Մոր հետ ապրելը նրա ամենամեծ երազանքն է, բայց արդեն 4 տարի է այդ երազանքը չի իրականանում: Տուն չունեն, որտեղ կկարողանան առաջվա նման միասին ապրել:

Արմենը ծնվել է Վանաձորում: Այնտեղ մի փոքրիկ տուն ունեին, ինքը հայրը, մայրն ու քույրն էին ապրում: Հայրը հիվանդությունից մահացել է, ինչից հետո մայրն էլ է հիվանդացել ու երկար ժամանակ անցկացրել անկողնում: Վանաձորի տունը Արմենի մայրը` Ռիման, ստիպված վաճառել է 1000 դոլարով, որպեսզի կարողանա բուժվել, ոտքի կանգնել, որ երեխաներին պահի:

Այժմ տիկին Ռիման Երևանում է ապրում, ստիպված ծեր կանանց է պահում, որպեսզի գոնե գիշերելու տեղ ունենա: Արմենին էլ ամեն հարմար առիթի դեպքում բերում է իր մոտ: Վերջին անգամ երեխան մոտ մեկ ամիս մնաց, չէր ուզում գնալ, ամեն առավոտ խնդրում էր, որ այդ օրն էլ մնա:

Արմենն ու տիկին Ռիման երազում են մի փոքրիկ տանիք ունենալ, ինչի շնորհիվ էլ, ինչպես Արմենն է ասում, կկարողանա մորն ամեն առավոտ տեսնել: Տիկին Ռիման այս պահին աշխատանք չունի, ասում է` ցանկացած գործ կանի, միայն նորից կարողանա որդուն հետ բերել: «Ես ուզում եմ, որ բոլոր երեխաներն իրենց ծնողների հետ ապրեն: Արմենը շատ խելացի է, բայց ինձ հետ նրա համար ավելի լավ կլինի, չեմ ուզում մանկատանը մնա, այդպես իր մանկությունն է խեղվում»,- ասում է տիկին Ռիման:

Հ.Գ. Արմենի հետ ծանոթացել ու ընկերացել էինք ՍՕՍ մանկական գյուղ այցելության ժամանակ: Վերջերս, երբ եկել էր մոր մոտ, զանգահարեց ու ասաց, որ ուզում է հանդիպել: Սկզբում չէր ասում, որ տուն չունեն: Ստում էր, թե երկհարկանի տուն ունեն, որ հորեղբայրն իրեն մեծ հեռուստացույց է ուղարկել Գերմանիայից ու ամեն օր կամ ֆուտբոլ է նայում կամ PLAY STATION խաղում: Հետո, երբ ծանոթացանք տիկին Ռիմայի հետ, մայրը պատմեց իրականությունը… Արմենը մեզ իր երազանքների մասին էր պատմել, իր երազած կյանքի մասին: Իր մտքում հնարած կյանքին այնքան էր հավատացել ու այնպիսի մանրուքներ էր պատմում, որ մենք սկզբում չէինք էլ կասկածում, թե երեխան ստում է…

Մարի Թարյան, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
"Օբյեկտիվ" նախագիծ

Քաղաքացին ու նրա առօրյան: Օբյեկտիվից այն կողմ ինչպե՞ս ու որտեղ են ապրում մարդիկ, ինչ ու ինչպե՞ս են վաստակում: Ամեն շաբաթ` մարդը PanARMENIAN.Net ի լրահոսում: Պատմություններ, որոնք դուրս են ամենօրա պաշտոնական և քաղաքական լրահոսից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---