Վարչապետն ազատամարտիկներին ասել է «փող չկա». Նրանք կրկին հրապարակում են

Վարչապետն ազատամարտիկներին ասել է «փող չկա». Նրանք կրկին հրապարակում են

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ազատամարտիկները հերթական անգամ հանդիպել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ քննարկելու նախորդ ամիս կառավարությանը ներկայացրած պահանջների կատարման հնարավորությունները: Ըստ կառավարության հաղորդագրության՝ քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու և լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով: Վարչապետ Սարգսյանը նշել է, որ առաջարկվող լուծումները կքննարկվեն կառավարությունում կայանալիք հաջորդ հանդիպման ժամանակ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը հանդիպումից հետո զրուցեց նաև հանդիպմանը ներկա ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հետ: Ազատամարտիկն ասաց, որ վարչապետի հետ երկրորդ հանդիպումից հետո էլ ոչինչ չի փոխվել, հիմա իրենք հավաքվում են Ազատության հրապարակում՝ հետագա անելիքները քննարկելու: Հարցին, թե հատկապես ինչ անելիքների մասին է խոսքը, ազատամարտիկը պատասխանեց, որ շարունակելու են պայքարել, նստացույց ու հացադուլ են անելու:

Վոլոդյա Ավետիսյանը պատմեց, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կրկին հստակ պատասխան իրենց հարցերին չի հնչել. «Էլի ասում են քննարկում են, ցուցակներ են ճշտում, որ իրական ազատամարտիկներին ու ինքնակոչներին հայտնաբերեն: Մենք էլ ասացինք, որ մենք հստակ պահանջով ենք գնացել. ուզում ենք իմանալ՝ մեր թոշակները կբարձրացնեն, թե՝ չէ, համատարած թանկացումներ են, ուզում ենք իմանալ, ոնց ենք ապրելու:

Վարչապետն էլ բաց տեքստով ասաց, որ փող չկա: Ես մի բան կարող եմ ասել, մեր կառավարությունում մենակ իրենց մասին են մտածում, մտածում են ոնց փող աշխատեն, հազար անգամ ասացինք, որ մենք այս-այս պահանջներն ունենք, իրենք քննարկումների ու ցուցակների մասին են խոսում»:

Հիշեցնենք, որ ազատամարտիկները նախորդ ամիս նստացույց էին անում, նրանք կառավորությանը 13 կետից բաղկացած պահանջ էին ներկայացրել և հանդիպել վարչապետին: Կառավարության ղեկավարը նրանց ասել էր, որ մեկ ամիս անց ազատամարտիկների խնդրի լուծման համար հստակ առաջարկներ կարվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---