Նալչե. Ծածկագրեր նշագրելու մասին տեղեկության հրապարակումից հետո հայ համայնքի մոտ արդեն վախ կա

Նալչե. Ծածկագրեր նշագրելու մասին տեղեկության հրապարակումից հետո հայ համայնքի մոտ արդեն վախ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայում հայերի ինքնության վկայականներում գաղտնի ծածկագրեր նշագրելու մասին տեղեկության հրապարակումից հետո հայկական համայնքի մոտ արդեն վախ կա, ասում է թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչեն. «Ստացվում է, որ հայերը Թուրքիայում փաստաթղթով երկրորդական մարդիկ են համարվում»: Ըստ Արիս Նալչինի`կոդերի հարցին պետք է պատասխաներ թուրքական կառավարությունը, սակայն դեռ լռում է, միայն Ներքին գործերի նախարարությունն է հաստատել տեղեկությունը:

Թուրքիայի վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հարցում չի փոխվել և այնտեղ դեռ 1900-ականների վերաբերմունքն է: Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ լրագրող, թուրքագետ Լիլիթ Գասպարյանը նկատեց, որ իրականում Թուրքիան միշտ եղել է մի երկիր, որը փոքրամասնությունների հարցում խտրականություն է դրել: «Այս կոդավորում ասվածը մեր կարևոր խաղաքարտերից մեկն է, որը կարող ենք օգտագործել»,- ասաց նա և ավելացրեց,- «Արդյո՞ք Թուրքիան դա չէր օգտագործելու հայկական ջարդեր կազմակերպելու համար»: Լիլիթ Գասպարյանն ընդգծեց, որ գաղտնի ծածկագրերի փաստը ապացուցեց, որ դեմոկրատացումը Թուրքիայում պարզապես ձևական բնույթ է կրում:

Քննարկմանը մասնակցում էր նաև քաղաքագետ Արա Պապյանը, ով նկատեց, որ խտրականության դրսևորումը մարդու իրավունքների խախտում է. «Սա ցավալի է և վտանգավոր»,-ասաց Արա Պապյանը և հիշեցրեց, որ նախկինում ևս գաղտնի ծածկագրեր են եղել և հայերի թիվը համարվել է 031-ը, իսկ հիմա` 02-ն է:

Նշենք, որ օգոստոսի 1-ին «Ակօս» պարբերականը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ 1923թ.-ից հետո Լոզանի պայմանագրով փոքրամասնություն ճանաչված ազգության քաղաքացիների ինքնության վկայականներում նշվել է գաղտնի ծածկագիր: Հայերի համար սահմանված էր 2 թիվը, հույների համար՝ 1-ը, հրեաներինը՝ 3-ը: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---