ՀԲՃ. Տաշտուն համայնքի ղեկավարը և «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հաշվի չեն առնում Բնապահպանության նախարարության որոշումները (վիդեո)

ՀԲՃ. Տաշտուն համայնքի ղեկավարը և «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հաշվի չեն առնում Բնապահպանության նախարարության որոշումները

PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) տեղեկացրել էր Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարության մասին, որի անօրինականությունը պետական մարմինների կողմից հաստատվեց, իսկ շինարարությունը կասեցվեց: Սակայն պարզվում է, որ շինարարական աշխատանքներն ամենևին էլ դադարեցված չեն, իսկ Տաշտուն համայնքի ղեկավարը և «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի պատասխանատուները թքած ունեն օրենքների ու նախարարությունների որոշումների վրա:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանը խնդրի առնչությամբ 2013թ. հուլիսի 17-ի մեր գրությանն ի պատասխան հայտնել է, որ բնապահպան ակտիվիստներից ստացված ահազանգի հետքերով հայտնաբերվել էր առանց համապատասխան փաստաթղթերի`ապօրինի հողաշինարարական աշխատանքների դեպք: Այն իրականացվում էր Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից` հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման նպատակով:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության Սյունիքի բաժնի կողմից տեղում կատարված ուսումնասիրության արդյունքներով դադարեցվել է գործարանի կառուցման գործընթացը: Պատասխանում նաև նշված է, որ աշխատանքների հետևանքով շրջակա միջավայրին պատճառած վնասը հաշվարկվելու է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և ընկերությանը կներկայացվի վնասի հատուցման պահանջ: Գործի հանգամանալից քննությունից հետո օրենքով նախատեսված կարգով ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի իրավապահ մարմիններին:

Մինչ այդ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել էին, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։

Իսկ ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Մեղրիի բաժիններ ներկայացրած հաղորդումներին դեռևս ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել: Օգոստոսի 7-ին և 8-ին կատարված տեսագրություններից պարզվում է, որ այս ամենից հետո «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ոչ միայն չի դադարեցրել շինարարությունը, այլև ավելի լայն թափով է շարունակել այն` խախտել ՀՀ օրենքները և չենթարկվել նախարարությունների որոշումներին: Իսկ պետական մարմինները կրկին անգործության են մատնվել՝ չտեսնելու տալով այդ ամենը:

Ելնելով վերը նշվածից դիմում ենք ՀՀ դատախազությանը և ոստիկանությանը, որպեսզի դիտարկեն սա որպես հաղորդում հանցագործության մասին, անհապաղ միջոցներ ձեռնարկեն ապօրինի շինարարությունը դադրեցնելու ուղղությամբ և իրականացնեն անաչառ քննություն:

Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու փաստել, որ պետական և իրավապահ մարմինները հերթական անգամ ի վիճակի չեն, կամ էլ ցանկանություն չունեն կատարել հանրության կողմից իրենց տրված լիազորությունները, իսկ հանքարդյունաբերող ընկերություններն իրենց վեր են դասում օրենքից և ժողովրդից: Այդ պարագայում հանրությունն իրեն իրավունք կվերապահի հետ վերցնելու այդ լիազորություններն իր ձեռքը և միջոցներ կձեռնարկի օրինականությունն ու արդարությունը վերականգնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---