13 օգոստոսի 2013 - 18:08 AMT
Ներկրվող միսը կստուգվի աղիքային ցուպիկի և սալմոնելային հարուցիչի առկայության կասկածանքով

Հիմք ընդունելով 2013թ. օգոստոսի 10-ին լրատվամիջոցներում առկա հրապարակումներն այն մասին, որ Բրազիլիայից՝ սառեցված և պահածոյացված միս, այդ թվում՝ թռչնամիս, Բելառուսից՝ ապխտած միս և կաթնաշոռ, Նիդեռլանդներից՝ պանիր, ԱՄՆ-ից՝ թռչնամիս և ձուկ, Նոր Զելանդիայից՝ ոչխարի միս ներկրելու դեպքում ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելայի հարուցիչ կարող է հայտնաբերվել ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից ս.թ. օգոստոսի 13-ին տրվել է գրավոր հանձնարարական Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերին, անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով տվյալ բեռի անվտանգությունը որոշելու համար, ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:

Որոշումը կայացվել է որոշ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, որոնց համաձայն Բրազիլիայից, Բելառուսից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից և Նոր Զելանդիայից ներկրված սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկ և սալմոնելային հարուցիչ կարող է պարունակվել: