22 օգոստոսի 2013 - 14:18 AMT
Ադրբեջանական ԶԼՄ. Հայ ռազմագերին չի ցանկանում վերադառնալ. ԿԽՄԿ-ն ՀՀ ՊՆ-ին նման տեղեկություն չի փոխանցել

Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում վերադառնալ Հայաստան: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ադրբեջանական հեռուստաընկերությունններից մեկը տեսանյութ է տարածել, որում Հակոբն ասում է, որ չի ցանկանում վերադառնալ:

«Մենք ճշտում ենք այդ տեղեկությունները: Քանի որ ուղիղ կապ չունենք, աշխատում ենք Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հետ, իսկ այն մեզ նման տեղեկություն չի փոխանցել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն ու հայտնեց, որ վաղը կհանդիպեն Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ: Նկատենք, որ երկու օր առաջ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել էին Հակոբին, իսկ Հակոբի` Հայաստան չվերադառնալու ցանկության մասին որևէ բան Կարմիր Խաչի աշխատակիցներն անգամ չէին էլ ակնարկել:

Հավելենք նաև, որ նախօրեին Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձի հետ կապված խնդիրներ չի տեսնում: Պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը նշել էր. «Ամեն ինչ կախված կլինի ռազմագերու ցանկությունից: Եթե նա ցանկանա վերադառնալ Հայաստան, ապա կվերադառնա, պետհանձնաժողովն ասյտեղ խնդիրներ չի տեսնում»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով առաջնագծում մոլորվել է և սխալմամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք անցել: