4 սեպտեմբերի 2013 - 12:12 AMT
Ալեքսանդր Կռիլով. Հայաստանը կարող է մշակել ԵՄ հետ սերտ գործակցության իր ձևը

Հայաստանի և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինիերեկվա հանդիպման ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը և դրա համար անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկել, իսկ հետագայում որպես ՄՄ լիիրավ անդամ մասնակցել նաև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:

Հայաստան-ԵՄ Ասոցացման մասին պայմանագրի նախաստորագրման մասին հայտարարությունների և հայ-ռուսական հարաբերություններում վերջին ամիսներին առաջացած բազում խնդիրների ֆոնի վրա նման զարգացումը բավականին անսպասելի էր: Դեռ վերջերս փորձագետներից շատերը վստահ էին, որ Հայաստանը միանշանակ և վերջնական ընտրություն է կատարել ԵՄ օգտին, ընդ որում ոչ միայն քաղաքական և տնտեսական առումով, այլև ազգային անվտանգության ապահովման ոլորտում: «Հրաժեշտ Ռուսաստանին» թեման այժմ հայկական տեղեկատվական դաշտում փոխարինվեց հակառակ կարծիքով՝ «ցտեսություն, եվրաինտեգրում»: Այս մասին PanARMENIAN.Net-ին ասաց ՌԴ Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Ըստ նրա, իրականում պետք չէ շտապել ու միանշանակ և կտրուկ եզրակցություններ անել: Հավանաբար, իրավիճակը կզարգանա երկու ծայրահեղ սցենարների միջանկյալ ուղիով, հայտնի «և-և» սկզբունքով, որն ընկած է հայկական փոխլրացման քաղաքականության հիմքում: Ռուսաստանի համար դա միանգամայն ընդունելի սցենար է, թեև ակնհայտ է, որ ԵՄ և Ռուսաստանի շահերի, Եվրամիության և Մաքսային միության, իսկ հետագայում նաև Եվրասիական միության միջև համաձայնեցումը պարզ ու դյուրին չի լինելու:

«Հայկական ղեկավարությունն Արևելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովում պետք է համոզի մեր արևմտյան գործընկերներին, որ «և-և» սկզբունքը չի հակասում նրանց սեփական շահերին: Եթե հաջողվի հաղթահարել պահպանողականությունն ու հին ֆոբիաների ազդեցությունը, որոնք շարունակում են ազդել ներկայիս եվրապաշտոնյաների վրա, ապա Հայաստանը կարող է մշակել ԵՄ հետ սերտ գործակցության իր ձևը՝ մասնակցելով ՄՄ-ին և ԵԱՄ-ին: Ընդ որում, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով որոշումներ մշակելու փոխադարձ ձգտման պարագայում դա միանգամայն հնարավոր է: Հաջողության դեպքում ոչ մի «ցտեսություն, Եվրոպա» չի լինի: Հայաստանը հնարավորություն կունենա զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի ու ՄՄ մյուս անդամների հետ, որպես ՄՄ իրավահավասար անդամ կմասնակցի ԵԱՄ կազմավորմանը՝ միաժամանակ զարգացնելով համագործակցությունը ԵՄ հետ:

Եթե Հայաստանը որպես ՄՄ անդամ կարողանա արդյունավետ գործակցություն հաստատել ԵՄ հետ՝ փոխկապակցելով երկու ինտեգրացիոն միավորումների շահերը, ապա դա համաեվրոպական մասշտաբով կարևոր դրական ազդեցություն կունենա: Ներկայիս բարդ միջազգային իրավիճակում, գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրոպայի բոլոր երկրների համար առավել շահեկան կլիներ միասնական Եվրոպայի կառուցումը միջազգային իրավունքի ու փոխադարձ հարգանքի հիման վրա: Ընդհանուր խնդիրները շատ ավելի հեշտ է միասին լուծել համատեղ ջանքերով: Հուսանք, որ ՄՄ անդամակցելու Հայաստանի որոշումը թույլ կտա նրան սեփական ծանրակշիռ ավանդն ունենալ համաեվրոպական ինտեգրացիոն գործընթացներում»,- ասաց Կռիլովը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը: