10  04.09.13 - Քաղաքացիները բողոքում են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի պատրաստակամությանը

Բաղրամյան 26-ում օրն անհանգիստ էր. Բողոքում էին՝ դեմ ենք մաքսային միությանը

Բաղրամյան 26-ում օրն անհանգիստ էր. Բողոքում էին՝ դեմ ենք մաքսային միությանը

PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ում այսօր անհանգիստ էր: Նախագահի նստավայրի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, որվքեր դժգոհ էին երեկ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, ինչպես նաև հետագայում մասնակցել ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը: Մասնակիցներից ոմանք բողոքի ակցիայի եկել էին «СССР» պաղպաղակները ձեռքում, ինչով ուզում էին ապացուցել ավելի վաղ համացանցում շատերի կողմից արտահայտված կարծիքը, թե Մաքսային միությանը միանալով Հայաստանը կրկին կվերադառնա ԽՍՀՄ ժամանակաշրջան:

Բողոքի ակցիա անցկացնելու մասին ակտիվիստները պայմանավորվել էին Facebook-ի միջոցով: Նախագահի հայտարարությունից մեկ-երկու ժամ անց արդեն ստեղծվել էր «Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» էջը, որը մինչև այսօրվա ակցիայի մեկնարկն արդեն հազարից ավելի անդամ ուներ: «Հայաստանը չի մտնելու Մաքսային միություն, իսկ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ և մտնել ուր ուզում է»,- ասվում էր էջի նկարագրությունում: Նախագահականի դիմացի մայթում հավաքված ակտիվիստները նախագահի հրաժարականն էին պահանջում՝ անդադար վանկարկելով «հե-ռա-ցիր, հե-ռա-ցիր»: Երիտասարդների շարքերում էր Երևանի ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Ինչպես նա ասաց լրագրողներին, իրենք եկել են թողնելու հաղորդագրություն, որ «զգուշացեք, նման քայլի հանկարծ չգնաք: Թույլ չենք տալու, որ որևիցե մեկը դավաճանություն անի: Բայց եթե փորձեն Մաքսային միություն, Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, կստանան շատ լուրջ և հուժկու հակահարված»:

Սանասարյանի ու այլ ակտիվիստների գլխավորած մայթն անցնելու փորձը ձախողվեց, ավելի շուտ՝ ոստիկանների հետ բախումների դրդեց, որոնց արդյունքում Սանասարյանին ու ևս 8 հոգու ոստիկանությունը«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի* համաձայն վարչական բերման ենթարկեց: Ինչպես PanARMENIAN.Net ին ասացին ոստիկանությունում, արձանագրություններ կազմելուց հետո նրանց պետք է բաց թողնեին: Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց tert.am-ը, վարչական բերման ենթարկվածների շարքում էին նաև Վիլեն Գաբրիելյանը, Ալեն Մանուկյանը, Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը:

Բողոքի ակցիային մասնակցելու էր եկել նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից «շատ բան կարող է հայտարարել, բացի Հայաստանի Հանրապետության ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»: Հայրիկյանի համոզմամբ այս դեպքում պետք է հանրաքվե կազմակերպվեր:

Իսկ ընդհանուր առմամբ այսօրվա ակցիային մոտ 100 քաղաքացի էր մասնակցում, եզրափակում է Newsarmenia-ն:

* «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» oրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---