Nouvelles d`Arménie. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տեղի կունենա The Genex ֆիլմի պրեմիերան (վիդեո)

Nouvelles d`Arménie. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տեղի կունենա The Genex ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Sevada Production կինոընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նկարահանում է The Genex ֆիլմը Նատալի Պորտմանի և Արմանդ Ասանտեի մասնակցությամբ: Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2015թ. ապրիլի 24-ին: Սցենարի հեղինակներն են Արտակ Սևադան ու Ալան Կացը: Կոմիտասի դերում նկարահանվում է հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Մանոն, գրում է Nouvelles d`Arménie-ն: Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ֆրանսուա Ժոլին: Նաև ֆիլմում կհնչեն Կոմիտասի գրառված շարականները:

Ֆիլմը պատմում է 25-ամյա գեղեցիկ երիտասարդ կնոջ մասին՝ Սալլի Սոլոմոնի, որը տարիներ շարունակ հետազոտում է իր ընտանիքի պատմությունը, սակայն հանկարծ դավադրության է հանդիպում ու սկսվում է պայքարը…

Հոլիվուդի երկու աստղեր՝ Նատալի Պորտմանը և Արմանդ Ասանտեն արդեն ստորագրել են մասնակցության պայմանագրերը, ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 30 մլն դոլար: Ֆիլմի պաշտոնական թրեյլերում նկարահանվել են Ալ Պաչինոն և Լեոնարդո դի Կապրիոն:

Հայոց ցեղասպանության մասին ամենահայտնի և լավագույն ֆիլմը Անրի Վերնոյի «Մայրիկն» է, որտեղ նկարահնվել են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին: Ֆիլմում նկարահանվելու համար Օմար Շարիֆին արգելվեց մուտքը Թուրքիա: Անտոնիա Արսլանի սցենարով եղբայրներ Պաոլո և Վիտորիո Տավիանիները նկարահանեցին «Արտույտների ագարակը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Մորից Բլյայբտրոյը, Անջելա Մոլինան, Չեկի Կարեոն, Անդրե Դյուսոլյեն, Արսինե Խանջյանը, Մարիանո Ռիգիլիոն, Խրիստո Շոպովը: Գլխավոր հերոսուհի Նունիկի դերը կատարել է հայտնի իսպանացի դերասանուհի Պաս Վեգան: Բացի այդ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ» ֆիլմը, իսկ 1982թ. Հոլիվուդում էկրանավորվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որի ռեժիսորն է Սարկի Մուրադյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---