Ա. Ցինկեր. ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությունը լուրջ քաղաքական քայլ է

Ա. Ցինկեր. ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությունը լուրջ քաղաքական քայլ է

PanARMENIAN.Net - Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելուն Հայաստանի համաձայնությունը լուրջ քաղաքական քայլ է, հատկապես հաշվի առնելով այն, որ Երևանը վաղուց փոխլրացման քաղաքականություն է վարում և ջանում է պահպանել «և-և» սկզբունքը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը (Թել Ավիվ): Ըստ նրա, եթե վերլուծենք քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում և նրա սահմանների մոտ, ապա միանգամայն հավանական է, որ մարտավարական, իսկ գուցե նաև ռազմավարական խնդիրների լուծման տեսակետից, Հայաստանի հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու մտադրության մասին, շատ հետաքրքրական կարող է լինել:

«Եթե մտորենք այն քաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին, որում գտնվում է Հայաստանը, հավելելով նաև չլուծված ղարաբաղյան խնդիրը, ապա այդ քայլն, ըստ իս, միանգամայն կանխատեսելի է»,-ասել է Ցինկերը: Նա նաև նշել է, որ այս որոշման կայացման վրա, հավանաբար, ազդել է համագործակցությունը Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում և Հայաստանի շահագրգռվածությունը Ռուսաստանից ստացվող գազի սակագների պահպանման հարցում, որոնք ամենացածրերից մեկն են ԱՊՀ-ում: «Լիակատար եվրաինտեգրման դեպքում Հայաստանը ստիպված կլինի գազի դիմաց վճարել եվրոպական գներով, որոնք 2-2,5 անգամ թանկ են այսօրվա գնից»,-ասել է նա:

Կայացված որոշման կարևոր քաղաքական բաղադրիչ է քաղաքագետը համարում Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: «Եթե ՀԱՊԿ-ում ու ՆԱՏՕ-ում միաժամանակ լինել անհնար է, ապա ՄՄ և ԵՄ հետ զուգահեռ համագործակցության միջև ուղիներ որոնելը միանգամայն թույլատրելի է»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը՝ հավելելով, որ և Սերժ Սարգսյանն ասաց, որ մտադիր չէ դադարեցնել աշխատանքը ԵՄ կառույցների հետ, և ԵՄ ներկայացուցիչները, ուշքի գալով սկզբնական շոկից, արդեն մտածում են Հայաստանի հետ համագործակցության նոր ձևեր գտնելու մասին:

«Հայաստանը փորձում է պահպանել զարգացման հնարավոր բոլոր ուղղությունները: Ցանկացած երկիր պետք է կարողանա ընկերություն անել աշխարհաքաղաքական տերությունների հետ՝ միևնույն ժամանակ, չմոռանալով սեփական շահերը: Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի մտադրությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ստիպված, բայց միանգամայն բնական քայլ է, ճիշտ է ներկայացման ձևն էր անսպասելի: Առաջ չանցնենք, քանի որ Հայաստանի եվրասիական կամ եվրոպական ինտեգրման ճանապարհին դեռ բազմիցս կարող ենք տեսնել այն փոխլրացման քաղաքականության նշանները, որին արդեն բոլորն ընտելացել են: Հայաստանի ղեկավարությունը, հավանաբար, որոշումներ կկայացնի խնդրիների առաջացմանը համընթաց: Մի խնդիր Երևանն արդեն լուծեց սեպտեմբերին Մոսկվայում, տեսնենք, ինչպես կստացվի լուծել հաջորդը՝ նոյեմբերին, Վիլնյուսում»,-ասել է Ալեքսանդր Ցինկերը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարեց, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: «Մենք ակնկալում ենք հայկական կողմի բացատրությունները, և հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,-ասել է Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: «Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի ակնհայտ ցանկությունը միանալ Մաքսային միությանը: Մենք շտապում ենք խորամուխ լինել Հայաստանի մտադրությունների մեջ, ապահովելու համար այդ որոշման համատեղելիությունը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերով ստանձնվող պարտավորությունների հետ: Այդ խորհրդակցություններից հետո մենք եզրակացություններ կանենք մեր հետագա գործողությունների համար: Մենք ցանկանում ենք մեկ անգամ ևս նշել, որ Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) հիմք են հանդիսանում բոլորի համար շահավետ բարեփոխումների համար, ոչ թե զրոյական արդյունքով խաղ են, և կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,-ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---