Կովկասյան հովազին կհետևեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվիրած GSM մոդուլով տեսախցիկներով

Կովկասյան հովազին կհետևեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի նվիրած GSM մոդուլով տեսախցիկներով

PanARMENIAN.Net - Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, ինչին աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բրիտանական Համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (ԲՊՄՄ` IUCN NL), հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաշվի առնելով տարածքը մշտապես հսկողության տակ պահելու կարևորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրել է երեք «թակարդ» տեսախցիկ` հատուկ վայրի բնությանը հետևելու համար: Տեսախցիկներն ունեն ներդրված հատուկ GSM մոդուլ:

2012 թվականի գարնանը ապաստարանի անտառապահները նկատել էին հովազի ոտնաթաթի հետքեր և գտել վերջինիս մազափնջի և կղանքի նմուշները, որոնք ուղարկվել էին Իսրայելում գործող լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Արդյունքում` հաստատվել էր, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերն ապաստարանի տեսախցիկներն արձանագրել էին հովազի պոչը:

Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան, ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանել է Կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Տեսագրության կադրերն ուսումնասիրելիս, հիմնադրամի մասնագետները պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը և ունի ետին վերջույթների շարժողականության խնդիր, ինչը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայտնի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին:

Կովկասյան հովազի, ինչպես նաև այլ կենդանիների` բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջի, գառնանգղերի, գայլերի, վարազների և աղվեսների տեսագրությունները, 2010 թվականից ի վեր` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ, ապաստարանն անվտանգ միգրացիոն միջանցք է ապահովում կենդանիների համար, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար` ծառայում է որպես բուֆերային գոտի: Սա հատկապես կարևոր է, քանի որ Կովկասյան հովազի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` բեզոարյան այծերի և վարազների առկայությամբ: Կովկասյան հովազի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և նոր սերնդին կրթելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի: Դրանց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը և «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---