Չնայած ԵՄ առարկություններին՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը

Չնայած ԵՄ առարկություններին՝ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը

PanARMENIAN.Net - Եվիամիությունը հանդես է գալիս Հայկական ԱԷԿ-ի շահագործման դադարեցման օգտին դեռ 1994 թվականից, սակայն կառավարական որոշմամբ ՀՀ էներգետիկայի զարգացման հաստատված հայեցակարգի շրջանակներում հստակ ամրագրված է այն դրույթը, որ գործող ԱԷԿ-ը դուրս չի բերվի շահագործումից այնքան ժամանակ, մինչև որ շահագործման հանձնվի նոր էներգաբլոկը:

Հայաստանի կառավարությունը 2012 թ. ապրիլին 10 տարով երկարացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Կառավարական որոշման մեջ ասվում է, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության, ՀԱԷԿ երկրորդ բլոկի շահագործման լիցենզիան տրվել է 2011 թվականին 10 տարի ժամկետով, սակայն, ըստ շահագործման պայմանների, լիցենզիայի ժամկետը սպառվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին:

Սեպտեմբերի 13-ին կառավարության նիստից հետո Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որի համաձայն ԱԷԿ շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2026 թվականը:

Համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ: Կողմերը պայմանավորվել են, որ «Ռոսատոմը» հայաստանցի փորձագետների հետ միասին կաշխատի նախագծի իրականացման վրա:

Միաժամանակ հայ և բելգիացի մասնագետները, լիազորված լինելով ԵՄ կողմից, միասին աշխատում են ՀԱԷԿ-ում սթրես-թեստերի նախապատրաստման վրա, որոնք պարտադիր են դարձել ճապոնական «Ֆուկուսիմայում» 2011թ. մարտի 11-ի երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած վթարից հետո: Պատրաստվելուն պես փաստաթուղթը ԵՄ-ին կներկայացվի որպես ազգային զեկույց:

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին կտրամադրվի միջուկային նյութերի արտահանման լիցենզիա: ՀՀ կառավարությունը որոշել է 2005թ. հուլիսի 8-ին ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխությամբ ամրագրված պարտավորությունների իրականացման իրավասու մարմիններ նշանակել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն` իրենց իրավասությունների շրջանակներում:

«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում նեկայումս գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. և 4 հատը 1987թ-ին: Այս միջուկային վառելիքի հավաքվածքները ունեցել են որոշակի թերություններ և այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածքների պահելը «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում առաջացնում է որոշակի դժվարություններ:

Ըստ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշման, միջուկային նյութերի արտահանման համար ընկերությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա:

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ն արդեն պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ: Այսպիսով, դրական որոշման դեպքում Հայկական ԱԷԿ-ը կստանա միջուկային նյութերի արտահանման լիցենզիա: ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին: 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց:

Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---