Ու այնուամենայնիվ... ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրի

Ու այնուամենայնիվ... ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրի

PanARMENIAN.Net - Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Ինչպես այսօր Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

«Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո Հայաստանն էլ չի կարող նախաստորագրել այն համաձայնագիրը, որի մասին երեքուկես տարի բանակցել ենք: Դրանք մի ամբողջություն են, երկու համաձայնագիր չեն: Դա Ասոցացման համաձայնագիր է` իր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիյով: Հույս ունեմ, որ Հայաստանի հետ կկարողանանք աշխատել այլ փաստաթղթերի վրա»,- Ֆյուլեի խոսքերը մեջբերում է «Այսօր»-ը:

Ինչպես նշել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատարը, նա եկել է «լսելու ու հասկանալու» հայ գործընկերների մտադրություններն ու նախընտրությունները.

«Եթե մեր հայ գործընկերները ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի, քան Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակում»,- գրում է «Սիլիվնեթ»-ը:

Մինչ Շտեֆան Ֆյուլեի խոսքը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ԵՄ հետ փոխգործակցությունն առաջ կտանի այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը:

«Հայաստանն առաջ է նայում և վճռական է եվրոպական մեր գործընկերների հետ պահպանել և զարգացնել այն ձեռքբերումներն ու առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիներին ԵՄ հետ հարաբերություններում»,- ԱԳ նախարարի խոսքն է մեջբերում Panorama-ն:

Մամուլի ասուլիսին Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Նատալյա Գերմանն իր հերթին տեղեկացրել է, որ Մոլդովան արդեն կատարել է իր ընտրությունն ու նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Ի դեպ, առավոտյան նախարար Նալբանդյանն ընդունել էր ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին, ում հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ գործակցությունը Եվրամիության հետ:

Հելգա Շմիդտն իր հերթին նշել էր, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել էր, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, թե Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Եվրամիության ղեկավարները դատապարտել էին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---