16 սեպտեմբերի 2013 - 17:34 AMT
Բարաք Օբաման գտնում է, որ ԱՄՆ գլխավոր նպատակը Սիրիայի հարցում իրագործվել է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ռուս-ամերիկյան համաձայնությունը Սիրիայի հարցում բխում է ԱՄՆ գլխավոր նպատակից Դամասկոսի քիմիական զենքի պաշարների հարցում: Համաձայնությունը ոչ միանշանակ ընդունվեց ամերիկացի օրենսդիրների կողմից:

Ելույթ ունենալով АВС հեռուստաալիքի «Այս շաբաթ Ջորջ Ստեֆանոպուլոսի հետ» հաղորդման շրջանակներում, նախագահ Օբաման նշել է, որ ԱՄՆ ճնշումը Սիրիայի հանդեպ արդյունավետ եղավ:

«Ճնշման հետևանքով, որը մենք գործադրում էինք մի քանի շաբաթ շարունակ, Սիրիան առաջին անգամ խոստովանեց, որ քիմիական զենք ունի և համաձայնվեց միանալ քիմիական զենքի օգտագործումն արգելող կոնվենցիային: Միևնույն ժամանակ ռուսական կողմը, նրա գլխավոր հովանավորը, հայտարարեց, որ պահանջելու է Սիրիայից դուրս բերել քիմիական զենքի բոլոր պաշարները: Մի քանի շաբաթվա ընթացքում մենք մեծ ճանապարհ անցանք»,-ասել է Օբաման:

Երկու հանրապետական սենատորներ՝ Ջոն Մաքքեյնն ու Լինդսի Գրեմը, խստորեն քննադատեցին ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: «Միայն գիտակցաբար բոլոր կասկածները ճնշելու դեպքում կարելի է չնկատել, որ համաձայնությունն ոչ այլ ինչ է, քան դիվանագիտական փակուղու սկիզբ»,-հայտարարել են նրանք:

Հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը հայտարարել է, որ դեմ չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատարի դերը ստանձնի սիրիական ճգնաժամի հանգուցալուծման գործում: «Կարծում եմ, որ Պուտինը, ոչ Օբաման, հաջողության հասնելու եզակի հնարավորություն ունի, քանի որ Ասադի և Սիրիայի հանդեպ ճնշում գործադրելու լծակներ ունի»,-ասել է Մաքքոլը՝ ելույթ ունենալով FoxNews-ի կիրակնօրյա հաղորդման շրջանակներում:

Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք վստահել Ռուսաստանին Սիրիայի հարցում՝ Օբաման ասել է. «Սառը պատերազմի» ժամանակներն անցել են, և ԱՄՆ-ն ու Ռուսաստանն այլևս մրցակիցներ չեն», հայտնում է VOA News-ը:

Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին իր ունեցած քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը: Ռուսական կողմի առաջարկը պաշտոնական Դամասկոսն ընդունել էր: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ևս հաստատել էր, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից ու համաձայնագիր ստորագրել այն արգելելու վերաբերյալ:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է գնում: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: