Սիրիացի նախարարը դատապարտել է հարձակումը քրիստոնյաների ավանի վրա

Սիրիացի նախարարը դատապարտել է հարձակումը քրիստոնյաների ավանի վրա

PanARMENIAN.Net - Սիրիայի վակֆերի նախարար (վակֆը մահմեդականի կողմից իր անձնական գույքի նվիրաբերումն է Ալլահին, վակֆի գույքը չի կարող վաճառվել, կամ փոխանցվել մեկ այլ անձի տնօրինությանը) Մուհամմադ Աբդել Սաթար աս Սեիդը հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքել հանցավոր գործողություններ են կատարել Մաալուլա քաղաքում, ոչ մի կապ չունեն ոչ իսլամի, ոչ մարդկային արժեքների հետ: Ըստ նրա, իսլամն ու քրիստոնեությունը երկվորյակ եղբայրներ են, նրանց գլխավոր նպատակը մարդկանց երջանկությունն է, ոչ թե սպանությունը:

«Ճշմարիտ մահմեդականը հարգանքով է վերաբերվում քրիստոնյաներին, իսկ իսկական քրիստոնյան՝ մահմեդականներին»,-ասել է նա: Աս Սեիդը նշել է, որ և քրիստոնեությունը, և իսլամը ծնվել են հենց սիրիական հողում, և դրանով Սիրիան կարող է հպարտանալ:

Իր հերթին Դամասկոսի քաղաքապետ Բուշր աս Սաբունը հավաստիացրել է, որ առաջիկայում Մաալուլայի բոլոր քանդված ենթակառուցվածքները կվերականգնվեն: Սեպտեմբերի 19-ից սկսած բոլոր ընտանիքները կկարողանան վերադառնալ իրենց տները: Իրենց կացարանները լքած քաղաքացիները ցանկություն են հայտնել որքան հնարավոր է շուտ վերադառնալ քաղաք այն բանից հետո, երբ Սիրիայի բանակը մաքրեց այն ահաբեկիչներից ու թաքֆիրիստ աղանդավորներից, որոնց ուսման համաձայն հարկավոր է մեկուսանալ «անհավատների հանրությունից» ու մեկուսի ապրել: Նրանք կոչ են արել օգնություն ցուցաբերել քաղաքի բժշկական կենտրոնին, որտեղից ահաբեկիչները դեղորայք ու սարքավորումներ են գողացել:

Սիրիացի ապստամբները ծայրահեղական «Ալ Նուսրի ճակատ» իսլամիստական խմբավորումից սեպտեմբերի 4-ին գրոհել են հինավուրց քրիստոնեական Մաալուլա ավանը, որը գտնվում է Դամասկոսից դեպի հյուսիս արևելք:

Առաջին գրոհի ժամանակ 8 զինծառայող սպանվեց, որոնք հերթապահություն էին իրականացնում անցակետում: Փոխհրաձգությանը նախորդեց պայթյունը մահապարտների անցակետում: Անցակետի ոչնչացումն իսլամիստները ուղեկցեցին «Ալլահ Աքբար» բացականչություններով և խոստացան գրավել նաև Մաալուլայի մյուս մասը: Բնակավայրը, որը համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը, մինչ այդ չէր ենթարկվել գրոհայինների հարձակումներին: Այժմ Մաալուլան ազատ է ահաբեկիչներից:

Մաալուլան մոտ հազար մարդ բնակչություն ունեցող ավան է, աշխարհում հայտնի է նրանով, որ նրա բնակիչները խոսում են եբրայերեն լեզվով, որի ավելի հին տարբերակով խոսել են Մերձավոր Արևելքում երկու հազար տարի առաջ: Համարվում է, որ եբրայերեն իր ժամանակակիցների հետ է շփվել Հիիսուս Քրիստոսը:

«Ալ Նուսրի ճակատ»-ի ղեկավարությունը չի թաքցնում Սիրիայում իսլամական էմիրություն ստեղծելու մտադրությունը, որտեղ տեղ չի լինի այլ կրոնների ներկայացուցիչների համար:

Սիրիայի քրիստոնյաները մինչ պատերազմը կազմում էին բնակչության 10 տոկոսը: 2011 թվականից ի վեր երկրում մոտ 1000 քրիստոնյա է սպանվել, քանդվել է շուրջ 40 եկեղեցի և այլ քրիստոնեական հաստատություն: Շուրջ 300 հազար քրիստոնյաներ հեռացել են երկրից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---