Բաքուն յուրացնում է «զվարճալի թվաբանությունը»

Բաքուն յուրացնում է «զվարճալի թվաբանությունը»

PanARMENIAN.Net - Բաքուն, չգոհանալով Ադրբեջանին Հայաստանի հասցրած «վնասները հաշվելով», որոշել է շարունակել զբաղվել «զվարճալի թվաբանությամբ» և հիմա էլ հաշվում է Նախիջևանին հասցրած «վնասը»: Աշխատանքային խումբը գլխավորում է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հանհուսեյն Քյազիմլին: Խումբը կազմված է կամավորներից, որոնք կհաշվեն այնպես, ինչպես կկարգադրեն: Ինչպես «ԱՊԱ» գործակալությանն են ասել աշխատանքային խմբի անդամները, «Հայաստանը նախորդ դարի 90-ականներից ի վեր երկաթուղում դիվերսիոն գործողությունների, ինչպես նաև խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական ակտերի միջոցով լիովին խախտել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, որի արդյունքում Նախիջևանը հայտնվել է շրջափակման մեջ»:

Եվ անմիջապես հաշվել են, որ վնասը կազմում է հարյուրավոր միլիոնների հասնող մանաթ և Հայաստանը պետք է Ադրբեջանին հատուցի 20 տարիների ընթացքում երկաթուղու անգործության ու ավտոմայրուղու փակման համար:

Անշուշտ, ոչ ոք չի արգելում զբաղվել զվարճալի թվաբանությամբ, հատկապես Ադրբեջանի պարագայում: Հավանաբար, Բաքվում լուծել են բոլոր խնդիրներն ու հիմա էլ սեփական քաղաքականության հասցրած վնասն են հաշվում: Սակայն Բաքվում նստած վայ-մաթեմատիկոսները մոռանում են, որ եթե հերթը հասնի վնասները հաշվելուն, ապա հենց Հայաստանը պետք է հաշիվ ներկայացնի ավերված սրբությունների, Ադրբեջանից, նույն Նախիջևանից հայերի վտարման համար:

Նախիջևանն այն վայրն է, որտեղ իջել է Նոյը: Ահա թե ինչ է գրում հռոմեացի պատմաբան Հովսեփ Ֆլավիոսը, որին, եթե հետևելու լինենք ադրբեջանցիների տրամաբանությանը, հայերը կաշառել են մ.թ առաջին դարում. «7 օրից Նոյը նույն նպատակով բաց թողեց աղավնուն…Մատաղ մատուցելով Աստծուն՝ նա իր հարազատների հետ սեղանի շուրջ է նստում: Այդ վայրը հայերն անվանում են «իջման վայր», և մինչ օրս էլ տեղաբնակները ցույց են տալիս տապանի բեկորները»: Քաղաքը հիմնվել է մ.թ.ա. 1500 թվականին:

Ամբողջությամբ քանդվել են հայկական Ագուլիս, Ջուղա քաղաքները, ոչնչացվել է մոտ 27 հազար հայկական եկեղեցի, Հին Ջուղայի միջնադարյա հայկական գերեզմանոցը, որի խաչքարերը ոչնչացնում էին բուլդոզերներով: «Աշխատանքային խումբն» այս ամենը չի կարող չիմանալ: Նշենք, որ ադրբեջանցի պատմաբանները, շռայլ պետական աջակցության շնորհիվ, շարունակում են «զարգացնել պատմական գիտությունն» ու Հարավային Կովկասի շատ յուրօրինակ պատմություն են գրում: Ադրբեջանական պատմագիտությունը վաղուց արդեն դադարել է գիտություն լինել և, փաստացի, պետական քաղաքականության լծակ է հանդիսանում: Ադրբեջանի ագրեսիվ տեղեկատվական քաղաքականությունը Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմի նորանոր միջոցներ ու հնարավորություններ է գտնում:

Թե ով ում է պարտք, դեռ մեծ հարց է: Բավական է միայն հիշել Ադրբեջանի կես միլիոնի հասնող հայ համայնքի ճակատագիրը, որի անդամներին, թալանված ու կողոպտված, դուրս շպրտեցին հայրական տներից, և դա լավագույն դեպքում: Ուրիշի աչքում փուշ որոնելու փոխարեն պաշտոնական Բաքուն լավ կաներ, սեփական աչքի գերանը տեսներ:

Ինչ վերաբերում է Նախիջևանի այսպես կոչված շրջափակմանը, ապա Իրանից այդ ինքնավար հանրապետությունը բեռնատարներով ներկրում է այն ամենն, ինչ հարկավոր է՝ բենզինից սկսած և սննդամթերքով վերջացրած:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---