ԱՄՆ-ում արգելված հայկական պանիրը 6 ամսվա պիտանելիության ժամկետ ուներ

ԱՄՆ-ում արգելված հայկական պանիրը 6 ամսվա պիտանելիության ժամկետ ուներ

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարությանն Սննդի անվտանգության պետ.ծառայությունը մեկնաբանել է երեկ տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ Առողջապահության և հանրային ծառայությունների դեպարտամենտի սննդամթերքի և դեղորայքի վարչությունն արգելել է հայկական երկու ընկերությունների պանրի ներկրումը:

Նշենք, որ Հայաստանից արգելվել էր «ԱՄՄ» ՍՊԸ-ի «Լոռի» պանրի (սեպտեմբերի 13-ից) ու «Դուստր Մելանյայի» արտադրանքի (արգելքը գործում է 2011 թ. դեկտեմբերի 21-ից) ներկրումը, քանի որ երկուսում էլ աղիքային ցուպիկ էր հայտնաբերվել: «Լոռիի» դեպքում դա COLI (TYPICAL) ցուպիկն էր, իսկ «Դուստր Մելանյայում»՝ E.Coli-ն:

Բացի այդ, ԱՄՆ ներմուծման արգելանք է գործում հյութեր ու հրուշակեղեն արտադրող որոշ ընկերությունների արտադրանքի համար: Այսպիսով, հոլիսի 7-ից արգելվել էր Սյունիքի մարզում (Շամբ գյուղ) գործող «Արսեն և Ներսես» ընկերության ոչ ալկոհոլային խմիչքների ներկրումը:

«ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանելիության ժամկետով, տեղեկացնում են ծառայության մամուլի բաժնից: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել ՀՀ շուկայում: Արտահանումից առաջ՝ հունիսի 11-ին, խմբաքանակի համար տրված լաբորատոր փորձաքննության եզրակացության հիման վրա (որով խմբաքանակը ճանաչվել է անվտանգ), Սննդի անվտանգության պետ.ծառայությունը հունիսի 18-ին տվել է անվտանգության սերտիֆիկատ: 2013թ. հունիսի 18-ին ՀՀ-ից արտահանված պանրում ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի կողմից արձանագրված խախտումների մասին հրապարակումը ադմինիստրացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է սեպտեմբերի 13-ին: Ծառայությունը պատասխանատվություն չի կրում արտահանվող բեռների փոխադրման, պահման և իրացման պայմանների համար:

2013թ.-ի օգոստոսին ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում հայտարարութվել է նաև մեկ այլ արտադրողի՝ «Արսեն և Ներսես» ՍՊԸ-ի կողմից արտադրված և ԱՄՆ արտահանված գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների (լիմոնի և անանուխի, դեղձի, նարնջի, բալի) վաճառքի արգելքի մասին, որը կիրառվել էր՝ հիմք ընդունելով դրանցում ԱՄՆ օրենսդրությամբ արգելված կամ չմակնշված գունանյութերի առկայությունը: Տվյալ գունանյութերը, ըստ ՀՀ օրենսդրության, թույլատրելի են համարվում:

Այլ արտադրողների և արտադրատեսակների մասին ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում ներկայացված այլ հաղորդագրություններին Ծառայությունում հարկ չեն համարում անդրադառնալ, քանի որ դրանք ժամանակավրեպ են: Հարկ է նշել, որ վերոնշյալ ադմինիստրացիայի կողմից կիրառված սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև այլ երկրներին, իսկ ԱՄՆ պետական վերահսկողությունը կատարվում է ԱՄՆ օրենսդրության պահանջներին համապատասխան:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է պետական վերահսկողություն ՀՀ շուկայում առկա, ՀՀ-ից արտահանվող և ՀՀ ներմուծվող ապրանքների խմբաքանակների նկատմամբ միայն ՀՀ տարածքում:

Համացանցում առկա պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է նաև ծառայությանը. այն օգտագործում է իր կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում: Վերահսկողության իրականացման ընթացքում անհամապատասխանությունների և վտանգի աղբյուրների հայտնաբերման դեպքում իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ ամրագրված գործողություններ, որոնց մասին տեղեկացվում է նաև հանրությունը: «ԱՄՄ» ընկերությունը գտնվում է Շիրակի մարզի Ղուկասյան գյուղում:

Հիշեցնենք նաև, որ 2009 թ. սեպտեմբերի 18-ից մինչ օրս արգելք է դրված Երևանի գարեջրի գործարանի խմիչքներից մեկի նկատմամբ (tarragon soft drink): Նույն ժամանակ էլ արգելվել է «Գրանդ Քենդիի» մարմելադների ներկրումը: Արգելքը հիմնավորվում է այդ արտադրատեսակներում հարուցիչների առկայությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---