ՀՀ-ն ու ԵՄ-ն ուզում են զարգացնել փոխգործակցությունը՝ չհակասելով ՄՄ սկզբունքներին

ՀՀ-ն ու ԵՄ-ն ուզում են զարգացնել փոխգործակցությունը՝ չհակասելով ՄՄ սկզբունքներին

PanARMENIAN.Net - Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այս հանդիպումն առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի մասին:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել գործակցությունը Եվրոպական միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների ու առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ ԵՄ հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաև Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խորը և ընդլայնված գործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ-Հայաստան գործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:

Քեթրին Էշթոնն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։

Հոկտեմբերի 5-ին «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ այս պահին Հայաստանի և ԵՄ-ի միջև Վիլնյուսի գագաթաժողովի համար փաստաթուղթ չի նախապատրաստվում, ինչի մասին հայտնել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն:

«Մենք աշխատում ենք գտնել հետագա գործակցության համար ուղիներ հիմնվելով նրա վրա, ինչին հասել ենք ՀՀ-ի հետ, և այն օգտագործել որպես հիմք մեր համագործակցության համար»,- ասել էր Ստանոն:

Հոկտեմբերի 2-ին՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և պատրաստ է Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Ըստ նախագահի, բանակցությունների հենց սկզբից հայկական կողմը միշտ ասել է Եվրահանձնաժողովի իր գործընկերներին, որ Հայաստանի քաղաքականությունը կայանում է ոչ թե շահերը հակադրելու, այլ դրանք համադրելու մեջ:

Ավելի վաղ Շտեֆան Ֆյուլեն, ելույթ ունենալով Մոլդովայում քաղաքացիական հանրության ներկայացուցիչների առջև, ասել էր, որ Վիլնյուսը պետք է շրջափուլ հանդիսանա գործընկերության պատմությունում: Նա թվարկել էր այն, ինչին պետք է հասնել Վիլնյուսում՝ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել Ուկրաինայի հետ, նախաստորագրել նմանատիպ համաձայնագրերը Մոլդովայի ու Վրաստանի հետ, մուտքի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրեր կնքել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև առաջընթացի հասնել տրանսպորտային և կրթության ոլորտներում համագործակցության առումով:

ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառել էր, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսականհամագործակցության հետ:

Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշել էր, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---