ՄՄ-ին միանալու առաջին պտուղները. Հայաստան արտահանվող գազի համար Ռուսաստանը մաքսատուրք չի գանձի

ՄՄ-ին միանալու առաջին պտուղները. Հայաստան արտահանվող գազի համար Ռուսաստանը մաքսատուրք չի գանձի

PanARMENIAN.Net - Հանրության կասկածներն այն մասին, որ Հայաստանի համար բնական գազի սակագնի բարձրացման մասին պայմանագիրը ռուսական կողմի հետ բացակայում է, վերջապես փարատեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Անորոշությունն այս հարցի շուրջ առաջացավ, երբ անցած շաբաթ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտարարեց, որ գազի սակագնի վերաբերյալ պայմանագիր չկա:

Անդրադառնալով «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի` ավելի վաղ արած հայտարարությանը, թե իրեն մեկուկես տարի է՝ չի հաջողվում ծանոթանալ Հայաստանի համար ռուսական գազի գների բարձրացմանը վերաբերող պայմանագրի տեքստի հետ, Մովսիսյանը հայտարարել է, որ «պատգամավորի կողմից հարցի բարձրացումից հետո վարչապետի կարգադրությամբ պայմանագրի պատճենը տրամադրվել է պարոն Մանուկյանին»:

«Բնական է, որ եթե որևէ ապրանք է ստացվում, ապա համապատասխան պայմանագրի առկայությունը պարտադիր է։ Գոյություն ունի պայմանագիր ՀայՌուսգազարդի և Գազպրոմի միջև»,– Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Arka գործակալությանը:

Ավելին, ըստ աղբյուրի, ռուսական կողմը պատրաստ է վերացնել Հայաստան ներկրվող բնական գազի 30 տոկոս կազմող մաքսատուրքը: «Մենք բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել ռուսական կողմի հետ։ Բնական է, որ Մաքսային միություն մտնելու պատրաստակամության մասին Հայաստանի հայտարարությունից հետո երկու երկրների միջև պայմանագիրը կփոխվի և կդյուրացվի: Այսինքն, ռուսական կողմը մաքսատուրք չի գանձի Հայաստան արտահանվող գազի համար։ Հուսով ենք, որ համապատասխան պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ», – ասել է Մովսիսյանը։

Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն։

Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը Մոսկվայում: Բանակցությունների ժամանակ նշվեց, որ «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում» ներկայիս 80 տոկոսից կարող է հասնել 100 տոկոսի:

Օգոստոսի 29-ին Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ բանակցությունները Ռուսաստանի հետ գազի բարձրացած սակագների սուբսիդավորման շուրջ դեռ ավարտված չեն: Բանակցությունների մանրամասները նա չբացահայտեց, սակայն նշեց, որ Հայաստանը «հաստատ փող կստանա»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին:

Այսպիսով, Հայաստան ներկրվող բնական գազի գինը կձևավորվի հետևյալ կերպ` ռուսական ներքին շուկայում գազի գինը գումարած տրանսպորտային ծախսերը։

Միաժամանակ Մովսիսյանն ընդգծել է, որ ներքին սպառման համար նախատեսված գազի գինն այսուհետ կմնա անփոփոխ։ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, թանկացում տեղի չի ունենա, սակայն գնի նվազում ևս չի լինի», – ավելացրել է նա։

Նախարարը նշել է, որ ավելի վաղ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում էին այն բանի շուրջ, որպեսզի գինն անփոփոխ մնա հինգ տարվա ընթացքում, իսկ այժմ խոսքն այն մասին է, որ Հայաստան ներկրվող կապույտ վառելիքի գնի վրա կարող են ազդել միայն ռուսական ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխությունները։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---