«Նաիրիտ»-ի գնման վերաբերյալ որոշում «Ռոսնեֆտ»-ը կարող է կայացնել արդեն հոկտեմբերին

«Նաիրիտ»-ի գնման վերաբերյալ որոշում «Ռոսնեֆտ»-ը կարող է կայացնել արդեն հոկտեմբերին

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի վաճառքի շուրջ ռուսական «ՌոսնեՖտ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է «Առավոտ» թերթը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի վրա հղումով։ «ՌոսնեՖտ» ընկերության հետ պայմանավորվածությունները չորս փուլով են. ինչքանո՞վ է այսօր ընդունելի ծրագրով ներկայացված տեխնոլոգիան, ինչքանով է արդյունավետ այն, ի՞նչ ներդրումներ են անհրաժեշտ այդ արդյունավետությունն ապահովելու համար, ի՞նչ բնապահպանական խնդիրներ կառաջանան։

Նախարարը նշել է, որ առաջին երեք փուլերի արդյունքները դրական են, և «ՌոսնեՖտը» տրամադրված է այդ ներդրումներն իրականացնելու։ Արմեն Մովսիսյանն ասաց, որ հիմա ընթանում է չորրորդ փուլի գնահատումը։ Իրականացվում է բնապահպանական փորձաքննություն, որը կավարտվի հոկտեմբերի վերջին։ «Եթե որևիցե խնդիր լինի, իսկ մենք չենք կասկածում, որ խնդիր չի լինելու, ապա «ՌոսնեՖտի» հետ ձեռնամուխ կլինենք վաճառքն իրականացնելու գործընթացին»,– գրում է թերթը։

Սեպտեմբերի 3-ին «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը հանդիպել էր «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին և վերակառուցման ու զարգացման գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Միրզոյանին։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են «Նաիրիտ» գործարանում քլորոպրենային կաուչուկի արտադրության նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցության պոտենցիալ հնարավորությունները։ Jacobs Consultancy Ltd ընկերությունը 2013թ.–ի օգոստոսին գործարանում բուտադիենից քլորոպրենային կաուչուկի արտադրության տեխնիկական և էկոլոգիական աուդիտ է անցկացրել։

«Ռոսնեֆտ» ԲԲԸ–ն որոշում կընդունի «Նաիրիտ» գործարանի նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ` աուդիտի և ՀՀ կառավարության հետ մուտքի պայմանների մասին բանակցությունների ավարտից հետո:

Բացի այդ, «Ռոսնեֆտ»-ը համաձայնության է եկել իր գործընկեր Pirelli ընկերության հետ` իրենց պատվիրակության «Նաիրիտ» գործարան այցելելու մասին` գնահատական տալու և համագործակցության հնարավոր ուղղությունները որոշելու համար։

Մեկնաբանելով աշխատանքային հանդիպման արդյունքները` Սեչինն ասել էր. «Ներկա պահին մենք ակնկալում ենք աուդիտի վերջնական արդյունքները, որ անցկացվել է «Նաիրիտ» գործարանում, ինչպես նաև հարկային ռեժիմի վերաբերյալ ՀՀ կառավարության հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները` նախագծին մասնակցելու մասին որոշում կայացնելու նպատակով, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---