ՀՀ իշխանական շրջանակները դեռ չգիտեն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու ԵՄ հետ Վիլնյուսում

ՀՀ իշխանական շրջանակները դեռ չգիտեն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու ԵՄ հետ Վիլնյուսում

PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցությունում դեռ չգիտեն, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու ԵՄ հետ Վիլնյուսում: Անդրադառնալով առաջիկա գագաթնաժողովին՝ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի ու ՀՀԿ իշխանությունները գտնում են, որ հարկավոր է շարունակել երկխոսությունն ու գործակցել եվրոպացի գործընկերների հետ:

«Դա անհրաժեշտ է ինչպես Հայաստանին, այնպես էլ Եվրոպային, քանի որ այդ գործակցության, քաղաքական բարեփոխումների արդյունքում Հայաստանն առավել ժողովրդավար դարձավ: Գնում եմ, որ մեր գործակցության առանցքը պետք է դառնա քաղաքական բարեփոխումների շարունակությունը՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների, խոսքի ազատության ու բազմակարծության պահպանումը Հայաստանում»,- ասել է նա: Թե կոնկրետ ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Վիլնյուսում, Շարմազանովը դժվարացել է ասել:

«Անկախ նրանից, թե ինչ է ստորագրվելու՝ հռչակագիր թե հայտարարություն, Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը, թե ինչ-որ նորացված տարբերակ, գլխավորն այն է, որ կողմերը տրամադրված են շարունակել երկխոսությունը: Լավատեսորեն եմ տրամադրված և գտնում եմ, որ մենք միասին դեռ կիրականացնենք քայլեր, որոնց արդյունքում Հայաստանն առավել ժողովրդավար կդառնա»,- ԱԺ փոխխոսնակին է մեջբերում Armenia Today-ը:

Նախօրեին ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանը կոնկրետ մի փաստաթուղթ կստորագրի ԵՄ հետ, սակայն դժվարացել էր ասել, թե ինչպիսին կլինի բովանդակությունը: «Հայաստանը բանակցում է ԵՄ հետ տարբեր մակարդակներում: Հավանաբար, կստորագրվի մի փաստաթուղթ, որը կամփոփի բանակցություննեևրի արդյունքը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ սեպտեմբերի 3-ից հետո եվրոպացի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարությունները ամենևին էլ չեն վկայում, թե փաստաթուղթ չի ստորագրվելու: Սակայն, հավելել է խորհրդարանականը, խոսքը քաղաքական հատվածի մասին չէ:

Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ ղեկավարության և Արևելյան գործընկերության երկրների միջև նախատեսվում էր նաև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու ԵՄ միջև: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ:

Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն:

Հղումներ թեմայով.
«Արևելյան գործընկերություն»

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---