Լուկաշենկո. Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մոտակա օրերի հարց չէ

Լուկաշենկո. Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մոտակա օրերի հարց չէ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մոտակա օրերի հարց չէ, քանի որ երկիրը պետք է «միանալու ուղին» անցնի:

«Մաքսային միությանը նա չի կարող անդամակցել ոչ վաղը, ոչ մյուս օրը, ոչ այս տարի, ոչ էլ, գուցե, մյուս տարի»,- ասել է Բելառուսի նախագահը Մինսկում ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը:

Նա նշել է, որ «Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին այն ժամանակ, երբ կատարի բոլոր ընթացակարգերն ու ընդունի նորմատիվ փաստաթղթերn ու համապատասխան համաձայնագրերը»:

«Նա պետք է միացման ուղի անցնի»,- ասել է Լուկաշենկոն: «Այսինք որոշակի ժամանակ կպահանջվի»,-ասել է նա, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Լուկաշենկոն նշել է, որ Մինսկում կայանալիք գագաթնաժողովում այդ թեման կարող է արծարծվել և չի բացառել, որ կարող է ինչ-որ «փաստաթուղթ հայտնվել ՄՄ-ին Հայաստանի միանալու մտադրության մասին»:

Ըստ Լուկաշենկոյի, «մենք պետք է նստենք ու քննարկենք, թե ինչպես է Հայաստանը պատկերացնում իր ճանապարհը Մաքսային միություն և ԵՄ մյուս կողմից»:

Լուկաշենկոն ասել է, որ «այսօրվա դրությամբ խոսքը գնում է ինչ-որ կիսաքայլի մասին Հայաստանի կողմից մի նպատակով՝ որ նա մեզ հետ լինի»:

Բելառուսի նախագահը ՀՀ ղեկավարության հետ բանակցությունների վրա հղումով նշել է, որ հայ-եվրոպական երկխոսության առումով «դեռ շատ անորոշություն կա»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական գործակցության հետ:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---