Թուրքիայի հրեական համայնքը հանդես է գալիս ամբողջ իսրայելյան լոբբիի անունի՞ց

Թուրքիայի հրեական համայնքը հանդես է գալիս ամբողջ իսրայելյան լոբբիի անունի՞ց

PanARMENIAN.Net - Անկարան պետք է ակտիվացնի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, քանի որ հրեական լոբբին ամբողջ աշխարհում զգալիորեն մեղմացրել է այդ հարցումիր մոտեցումը, իսկ նախկինում միշտ սատարում էր Թուրքիային: Այդ մասին հայտարարել է Իսրայելում թուրքաբնակ հրեաների ասոցիացիայի նախագահ Զալի դը Տոլեդոն: Ըստ նրա, Թուրքիան պետք է հաշվի առնի իր շահերն ու կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ՝ հնարավորինս շուտ դեսպան նշանակելով Թել Ավիվում: «Եթե երկու երկրները բաց թողնեն կապեր հաստատելու շանսը, հավանաբար, իսրայելյան լոբբին չեզոք կլինի 2015 թվականին»,-հայտարարել է նա «Today’s Zaman»-ի հետ զրույցում:

Եթե նման հայտարարություն հնչեր Նյու Յորքում, Փարիզում կամ Լոնդոնում, դա, անկասկած, կշիռ կունենար: Սակայն մի տեսակ անլուրջ է սպառնալ Թուրքիային 1,5 հազար հրեաների անունից, որոնք հիմնականում բնակվում են Ստամբուլում: Առավել ևս լուրջ չէ խոսել ամբողջ հրեական լոբբիի անունից, որը մի քանի անգամ կմտածի Իսրայելի դեմ ուղղված ցանկացած հայտարարության հետևանքների մասին, հետո նոր արդեն կասի իր խոսքը. կամ չի ասի:

Չնայած «ժողովրդավարացմանն» ըստ Էրդողանի, Թուրքիայում հակասեմիտիզմը մտադիր չէ զիջել դիրքերը, որի հիմքում բոլոր «անհավատների» հանդեպ մահմեդականների վերաբերմունքն է: Թեև Ղուրանում հրեաները ներկայացված են որպես «գրքի ժողովուրդ», վերաբերմունքն այդ ժողովրդի հանդեպ, մեղմ ասած, այնքան էլ լավը չէ: Անկասկած, Թուրքիայի հրեաների ասոցիացիայի ղեկավարի հետ կվարվեին նույն կերպ, ինչպես միշտ վարվում են թուրքահայերի հետ՝ շանտաժի և հետապնդումների միջոցով հասնելով ուզածին: Բավական է հիշել միայն Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի օրինակը՝ ստիպելով նրան հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի դեմ, թուրքական իշխանությունները, փաստորեն, առողջ մարդուն կենդանի դիակի վերածեցին:

Տեսանելի օրինակն ամենից լավ է գործում՝ թուրքաբնակ հրեաներն որոշեցին ասել և անել այն, ինչ հուշում են Էրդողանի նստավայրից: Ինչ վերաբերում է բուն Իսրայելին, ապա այժմ Թուրքիան դադարել է ռազմավարական գործընկեր լինել Երուսաղեմի համար Mavi Marmara-ի միջադեպի (և ոչ միայն դրա) պատճառով: Էրդողանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում չափազանց անհանդուրժող է և Ցեղասպանությունը ճանաչած կամ նման հավակնություն ունեցող երկիրը դառնում է Թուրքիայի թիվ 1 թշնամին: Բացատրությունը պարզ է՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Թուրքիան որպես պետություն կարող է այնպիսի ցնցումների առջև կանգնել, որոց արդյունքում երկիրը կարող է մասնատվել:

Մինչև 2015 թվականը ազգային փոքրամասնությունների անունից դեռ շատ նման հրապարակումներ կհայտնվեն թուրքական մամուլում, սակայն դա ոչինչ չի փոխի: Չի կարող Հոլոքոսթը վերապրած ժողովուրդը ժխտել Հայոց ցեղասպանությունը, թեև հենց դա է Իսրայելի պետական քաղաքականությունը: Սակայն, պետք չէ մոռանալ, որ հավերժ ոչինչ չկա և մի օր Իսրայելը, ինչպես մյուս երկրները, կճանաչի օսմանների ժառանգներից բարոյական ու նյութական փոխհատուցում պահանջելու հայ ժողովրդի իրավունքը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---