Լուկաշենկոն փորձում է առաջին ջութակի դերը ստանձնել, բայց չի ստացվում

Լուկաշենկոն փորձում է առաջին ջութակի դերը ստանձնել, բայց չի ստացվում

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի տարօրինակ, եթե ավելին չասենք, հայտարարություններին, կարծես, բոլորն արդեն ընտելացելեն, ինչպես նաև նրա վարքագծին: Մեկ նա իր աթոռին չի նստում, մեկ հայտարարություն է անում, որն ավելի պատշաճ կլիներ Պուտինին, մեկ էլի ինչ-որ բան: Մի երկու տարի առաջ Իլհամ Ալիևը Լուկաշենկոյին 200 մլն դոլար հատկացրեց գազի դիմաց վճարելու համար: Հիմա Լուկաշենկոն, ըստ նրա, «լավությանը պատասխանում է լավությամբ»: Անցած շաբաթ Բելառուսի նախագահը ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում ՄՄ-ն պետք է հաշվի առնի նաև Ադրբեջանի կարծիքը: «Հայաստանն Ադրբեջանի հետմի չլուծված տարածքային հարց ունի: Նշանակում է, հարցեր Ադրբեջանի կողմից կլինեն: Ինչպես հասկացա, Իլհամ Ալիևն այդ հարցն արդեն տվել է իր ղազախստանցի պաշտոնակցին: Մենք պետք է հաշվի առնենք Ադրբեջանի կարծիքը»,-ասել է նա:

Լուկաշենկոն հաստատ ինչ-որ բան շփոթել է. ՄՄ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունում է Ռուսաստանը, իսկ ավելի ճիշտ Վլադիմիր Պուտինը: Երկրորդը՝ ՄՄ-ն ՆԱՏՕ չէ, ուր չեն ընդունում չկարգավորված հակամարտություններով երկրներին: Եվ վերջապես, ԱՊՀ բոլոր կազմակերպություններում առաջին ջութակի դերը ստանձնելու Բելառուսի ձգտումն ի վերջո կարող է իր իսկ դեմ դառնալ: Սկսենք նրանից, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ, նույնիսկ եթե վերջինս էլ որոշի անդամակցել այդ միությանը: Այն, որ Ադրբեջանը չի ցանկանում ՀԱՊԿ անդամ դառնալ, հասկանալի է, դա ռազմական և ռազմավարական դաշինք է, ու քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, այնտեղ նրա տեղը չէ: Բայց ՄՄ-ն տնտեսական միավորում է, և Բաքուն ոչ մի կերպ չի կարող ազդել Վլադիմիր Պուտինի որոշման վրա: Հետաքրքիր է, չգիտես ինչու Լուկաշենկոն չի խոսում ՄՄ մյուս անդամների մասին, որոնց հետ պետք է «խորհրդակցել» Հայաստանի հարցում: Ադրբեջանի կարծիքը, թեկուզ նա 100 անգամ էլ դեմ լինի, չի կարող հաշվի առնվել Մաքսային միությանը Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների, անդամակցության հարցում: Լուկաշենկոն չափազանց երկար է զբաղեցնում նախագահի պաշտոնն և ինչ-որ իմաստով կորցրել է իրականության զգացողությունը: Ի դեպ, ոչ մի վստահություն չկա, որ նահետո չի ասի, թե իրեն սխալ են հասկացել…Դե նա էլ իր մարտավարությունն ունի՝ ճնշում գործադրել Մոսկվայի վրա և փորձել Միութենական պետությունում, ՀԱՊԿ-ում, ՄՄ-ում առաջինը դառնալ, իր նշանակությունն ու անփոխարինելիությունն ընդգծելու համար: Բայց, ինչպես հայտնի է, անփոխարինելի մարդիկ չկան, ով գիտի, գուցե վաղը Բելառուսի տեղը ՄՄ «հիերարխիայում» հենց Հայաստանը զբաղեցնի: Հայաստանը Մոսկվայի համար ոչ պակաս, գուցե ավելի կարևոր սուբյեկտ է, քան Բելառուսը՝ հաշվի առնելով Կովկասում և Մերձավոր Արևելքում իր դիրքերը վերականգնելու Ռուսաստանի փորձերը:

Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ալեքսանդր Լուկաշենկոն ակնհայտորեն ինչ-որ արտառոց հայտարարություն կցանկանար անել, բայց հազիվ թե ստացվի: Գագաթնաժողովը Պուտինն է վարում, որը տանել չի կարողանում ինքնագործունեությունն և ԱՊՀ-ում իր անձնական առաջատարի դիրքի դեմ ուղղված հայտարարությունները: Ինչը բնական է, իսկ Լուկաշենկոն ուղղակի խաղեր է խաղում: Այլ կերպ Լուկաշենկոյի վարքագիծը չես բացատրի: Մի քանի տարի առաջ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Բելառուսի նախագահն իրեն շատ աննկատ էրպահում, կարծես, նույնիսկ, մտահոգվում էր, որ նրան կարող են չհրավիրել: Ոչինչ, հրավիրեցին:

Իսկ Ադրբեջանի դեպքում մեկ անգամ ևս կրկնենք. Բաքուն չէ, որ պետք է որոշի` ուր ու ում հետ գնա Հայաստանը: Ավելի լավ է Ադրբեջանն իր սկանդալային ընտրություններով ու «խավիարային դիվանագիտությամբ» զբաղվի…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: vesti.az
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---